Մարտի 1-ից հետո, երբ արտակարգ
իրավիճակի 20 օրերի ընթացքում լրատվամիջոցներին արգելվեց պաշտոնականից
բացի այլ նորություններ հաղորդել, ինտերնետը դարձավ այլընտրանքային
տեղեկություն որոնելու ու տարածելու հիմնական դաշտը:
Իսկ երբ մարտի 2-ին am տիրույթն
ապահովող «Հայկական ինտերնետ ընկերակցությունն» ԱԱԾ-ի
հրահանգով սառեցրեց լրատվական կայքերի մեծ մասը, տեղեկությունների
փոխանակումն ու քննարկումները կենտրոնացան բլոգներում եւ սոցիալական
ցանցերում:
Ոմանք, օրինակ՝ բլոգեր, մեդիա իրավաբան Դավիդ Սանդուխչյանը david-sand.livejournal.com,
իրենց բլոգում քաղաքական թեմաներով գրառումները փակեցին ընթերցողների լայն
շրջանակների համար՝ միայն բլոգային ընկերներին թույլ տալով կարդալ դրանք:
Նրանք հայտարարեցին, որ բլոգներն էլ են լրատվամիջոց, քանի որ
«Զանգվածային լրատվության մասին» օրենքով՝ զանգվածային
լրատվամիջոց է համարվում լրատվություն տարածող ցանկացած միջոց, որն իր
գործունեությունը ծավալում է «հանրային հեռահաղորդակցության ցանցով
(ցանցային լրատվության միջոց)՝ որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ
թվով անձանց համար հասանելի եւ լրատվություն ներառող տեղեկատվական պաշար՝
անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ
այլ չափանիշներից»:
Գործունեությունը դադարեցրեց նաեւ «Ա1+»-ի բլոգը: Այն վարող
Շուշան Հարությունյանն ասում է, որ իր գործն արտակարգ դրության
պայմաններում մի քանի անգամ շատացել էր, թեեւ 20 օրերի ընթացքում
«Ա1+»-ի բլոգը չէր թարմացվում:
«Երեկոյանգ հրամանագրի հրապարակումից հետո, բլոգում հայտարարություն
դրեցինք, որ արտակարգ դրություն է, ու մի գիշերում 850-ից ավելի արձագանք
ստացանք: Մենք տեղեկացրինք, որ չենք թարմացնի բլոգը, բայց դուք կարող եք
օգտվել ձեր իրավունքից ու շարունակել քննարկումները: Ու ես օրական մի քանի
ժամ միայն մեկնաբանություններ էի կարդում, ջնջում հայհոյանք
պարունակողները»,- պատմում է Շուշանը:
Նրա խոսքովգ եթե մինչ այդ բլոգի այցելուները քննարկում էին տեղադրված
նյութերը, ապա արտակարգ իրավիճակում մարդիկ տեղեկություն էին փոխանակում,
ոմանք նույնիսկ փնտրում էին իրենց հարազատներին:
Իսկ իր անձնական բլոգում
Շուշանը նոր էջ էր բացել «20 օր մեկ րոպե լռությամբ հարգենք»
խորագրով ու գրելգ «լռություն»: «Հետաքրքիրն այն էր, որ
մարդիկ, եղել է մինչեւ 1000 հոգի, մտնում էին նայելու, թե ես ոնց եմ
լռում: Ու մեկնաբանություններ էին գրումգ քաջալերում էին ինձ կամ
հակառակը»,- ասում է Շուշանը:
Սակայն այսպես միայն քչերը վարվեցին: Մինչ այդ արդեն շիկացած բլոգոսֆերան
է՛լ ավելի մեծ աշխուժությամբ շարունակեց քաղաքական վեճերը: Մարտի առաջին
20 օրերը, բլոգեր Արթուր Պապյանի խոսքով, դարձան հայկական բլոգ համայնքի
ծաղկման շրջանը:
«Հայկական բլոգոսֆերան միատարր չէ, շատերը գրում էին արտերկրից եւ
դուրս էին արտակարգ դրության սահմանափակումներից,- ասում է Արթուր
Պապյանը` «Ditord »-ը:
- Նաեւ կային ակնհայտ իշխանամետ դիրքորոշում ունեցող բլոգերներ, ովքեր
հենց սկզբից հայտարարեցին, որ «թքած ունեն» սահմանափակումների
վրա ու շարունակելու են գրել: Օրինակ` «Pigh»-ը, որ
«Livejournal»-ի հայկական բլոգներում ամենահայտնին է, առաջինը
հայտարարեց դրա մասինգ ստեղծելով նախադեպ»:
«Այնպես ստացվեց, որ իմ գաղափարները, այսպես ասենք, հիմնականում
համընկնում են իշխանությունների տարածած տեսակետներին: Ես հայտարարեցի, որ
չեմ պահպանի հրամանագրի կետը եւ շարունակեցի իմ գործունեությունը բլոգում,
ինչպես առաջ»,- ասում է Տիգրան Քոչարյանը` «Pigh»-ը:
Ընդդիմադիրներն էլ չէին զիջում ակտիվությամբ: Օրինակ` «bekaisa»-ն
ոչ միայն տարածում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի հայտարարությունները,
Տեր-Պետրոսյանի ու նրա աջակիցների հարցազրույցները, այլեւ հետեւում էր
արտասահմանյան մամուլի արձագանքներին ու դրանք եւս ներկայացնում իր
օրագրում, նույնիսկ` թարգմանաբար:
Մարտի առաջին շաբաթը Հայաստանում արգելափակվեց «YouTube»
վիդեոփոխանակման կայքը, բայց այն շարունակում էր տեսանելի մնալ աշխարհի
համար: Իսկ հայաստանցիները տեսանյութերը հաջողացնում էին դիտել արգելքը
շրջանցող ծրագրերի միջոցով` www.proxyfreeserver.ca, www.anonymouse.org ...
«Կարծես «Youtube»-ի փակվելուց հետո Հայաստանը
ընդգրկվում է ցուցակներում, որտեղ հաճախ լինում էր Հայաստանի պատմական
թշնամին` Թուրքիան»,- ասում է Blogian-ը: Նրա խոսքով` իր բլոգի ընթերցողների մեջ հայաստանցիները միշտ քիչ են եղել, սակայն մարտի 1-ից հետո նրանք մեծամասնություն են:
Շուտով ինտերնետում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես
են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը դիմակավոր ոստիկանները կրակում մարդկանց
ուղղությամբ, եւ ոչ թե երկինք: Արթուր Պապյանի խոսքով` կարեւոր
իրադարձություն էր այն, որ ոստիկանությունը անդրադարձավ այդ տեսանյութին
ու Հանրային հեռուստատեսությամբ փորձեց ապացուցել, թե դա մոնտաժված նյութ
է:

««YouTube»-ն արգելափակելը մեծ խայտառակություն էր: Ես
Անգլիայում էի այդ օրերին ու տեսնում էի, թե ինչպես է այդ լուրը
տարածվումգ «Հայաստանում փակել են «YouTube»-ը»:
Մինչ այդ լսում էինք, որ «YouTube»-ը փակ է Չինաստանում,
Բիրմայում... Իսկ հետո` նաեւ Հայաստանում: Այս լուրն ավելի մեծ արձագանք
ունեցավ, քան, ասենք, մարտի 1-ի դեպքերը»,- պատմում է Արթուրը:
Նա նշում է, որ ընտրությունների շրջանում «հրաշքներ էր գործում» հատկապես «Ա1+»-ի վիդեոբլոգը, որտեղ դրվում էին մեծ թվով որակյալ նյութեր:
«Փետրվարին այն առնվազն 3 անգամ հայտնվեց «YouTube»-ի`
աշխարհի մակարդակով լավագույն 100 ալիքների մեջ: Ընդ որում,
«Ա1+»-ի վիդեոալիքը հենց փետրվարին էր բացվել ու դարձել էր
այդ ամսվա ամենաշատ բաժանորդներ ձեռք բերած ալիքը
«YouTube»-ում»,- ասում է Արթուրը:
Շատ էին դիտում նաեւ հենց իր՝ Արթուրի վիդեոբլոգը, որտեղ նա մեծ մասամբ տեղադրում էր echannel.am կայքի տեսանյութերը։
Քաղաքացիական լրագրությունը մի դրսեւորում էլ ստացավ այդ օրերին`
մեյլինգ-լիստերը կամ էլեկտրոնային նամակների ցուցակները: Կար ակտիվ
քաղաքացիների մի խումբ, որը որեւէ տեղեկություն ստանալով` անմիջապես այն
էլեկտրոնային փոստով ուղարկում էր հնարավորինս մեծ թվով մարդկանց: Դրանք
տարածվում էին «yahoogroup»-երով, տեղադրվում էին
«Facebook» եւ այլ սոցիալական ցանցերում: Լուրերի
փոխանակումից բացի` այստեղ ծայր էին առնում քննարկումներ:
«Ես հասկացա, որ չեմ կարող ձեռքերս ծալած նստել ու սպասել, թե երբ
են վերացնելու արտակարգ իրավիճակը: «Facebook» համայնքում
խումբ բացեցի ու սկսեցի տարածել ոչ պաշտոնական տեղեկատվություն, որ կամ
ինքս էի պատրաստում կամ գործընկերներիցս ու այլ լրատվամիջոցներից էի
ստանում: Մոտ երկու շաբաթ անց խմբի անդամների թիվն անցավ 100-ից: Մարդիկ
նույնիսկ իրենք էին տեղեկություններ առաջարկում` տարածելու համար»,-
պատմում է բլոգեր Շուշան Հարությունյանը:
«Տեղացի բլոգերների նկատմամբ, կարծես, գրաքննություն ու ճնշումներ
չկան։ Ամեն դեպքում, «Unzipped»-ը տեղադրել է գրաքննությունից
խուսափելու մի քանի խորհուրդներ»,- հայկական բլոգների վիճակը
վերլուծելով` գրում է «Global voice» ինտերնետային հանդեսի կովկասյան բաժնի խմբագիր, ֆոտոլրագրող, բլոգեր Օնիկ Գրիգորյանը։
Այնուամենայնիվ, շատերը խուսափում էին իրենց անունները բացահայտել։
Անմիջական հեղինակներին թաքցնելու համար Տեր-Պետրոսյանի աջակիցները
բացեցին մի քանի խմբային բլոգներ, որոնք հենց իրենք էլ կնքեցին
«սամիզդատներ»։ Շատ ակտիվ էին նաեւ լրագրողները, որոնք
արտակարգ դրության օրերին ստեղծեցին «Պայքար», «Մարտի մեկ» եւ «Ինֆոարմենիա » պարբերականները...
Այդ օրերին «Livejournal»-ի նորաստեղծ բլոգներից մեկը
գերազանցեց բոլոր ռեկորդներն ու մի օրում մոտ 800 մեկնաբանություն ստացավ:
Դա Սերժ Սարգսյանի բլոգն էր, որտեղ մարդիկ հարցեր էին գրում վարչապետին` հեռուստատեսային հարցազրույցի համար:
Այս բլոգը բացել ու վարում է Ռուբեն Մուրադյանըգ «Uzogh» բլոգերը:
«Հիմնական նպատակն էր` բլոգերների հարցերը հասցնել վարչապետին, քանի
որ նրանք փոքրաթիվ, բայց ինտելեկտուալ զանգված են»,- ասում է
Ռուբենը:
Նրա խոսքովգ Սերժ Սարգսյանը եթերի համար խնդրել էր պատրաստել ամենասուր 65
հարցերի ցուցակը, դրանց մեջ եղել են հայտնի բլոգերների հարցեր: Մյուս
հարցերի պատասխաններն ավելի ուշ տրվել են բլոգում:
«Հարցերի մեծ մասը մարտի 1-ի դեպքերի ու ներքաղաքական իրավիճակի
մասին էին: Կային նաեւ դիմում-բողոքներ, զվարճալի ու անհեթեթ հարցեր:
Դրանք խմբավորվել են, եւ պատասխաններն ավելի ընդհանուր են»,-
բացատրում է Ռուբենը: Պատասխաններն, իրոք, դրված են բլոգում, բայց
հետաքրքիր է, որ որեւէ մեկնաբանություն այլ բլոգերների կողմից չկա:
Իսկ նախընտրական շրջանում նախագահի թեկնածուներից միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի կայքում բլոգ կար։
Տիգրան Կարապետյան անունով օգտագործող
էր հայտնվել «Facebook» սոցիալական ցանցում, Վազգեն
Մանուկյանն էլ գրանցվել էր Odnoklassniki.ru հայտնի ռուսալեզու
համայնքում։
«Facebook»-ում բացվել էին նաեւ «Լեւոն Տեր-Պետրոսյանի
համակիրներ », «Լեւոն Տեր-Պետրոսյանից զզվողներ »,
«Նախագահական ընտրություններ 2008 », «Անտիլեւոն
» խմբեր, Վահան Հովհաննիսյանին սատարողների խումբ , իսկ
ընտրություններից հետո բացվեց «Անարդարություն հայկական
ընտրություններում, որը քաղաքացիական պատերազմի պատճառ դարձավ »-ը,
որը հավաքեց 620 անդամ: Այս խմբերի աշխուժությունը մարեց ընտրություններից
հետո։
Սակայն ներքաղաքական նոր զարգացումներին զուգահեռ՝ նոր բլոգներ բացվեցին։ Քաղաքական կամ քաղաքացիական զբոսանքների օրերին ստեղծվեց «Զբոսանք» բլոգը, իսկ ավելի ուշ` քաղբանտարկյալների, նրանց դատաքննությունների մասին մատյանը:
Բլոգերները շարունակում են հետեւել դեպքերին։ Ավանդական
լրատվամիջոցներում, հատկապես՝ եթերում, իրենց հարազատ գաղափարներ
չգտնելով՝ մարդիկ ավելի ու ավելի շատ են կարդում բլոգներ։
Հ.Գ. Մի քանի օր առաջ մարտի 1-ի ձերբակալվածներից մեկի
դատավարությանն էի գնացել։ Միջանցքում բավական մարդ էր հավաքվել, սպասում
էինք նիստի սկսվելուն։ Կողքիս նստած մոտ 50 տարեկան մի մարդ հարցրեց, թե
որ լրատվամիջոցի համար եմ գրում: Ասացի` ինտերնետային է` մտածելով, որ
դժվար թե հետաքրքրվի ինտերնետով ու կարողանա հիշել հասցեն:
- Բլոգներու՞մ ա,- հարցրեց մարդը` խիստ զարմացնելով ինձ:
- Չէ, բլոգներում չի: Իսկ դուք բլոգ կարդու՞մ եք,-հարցրի:
- Հա, բա ինչ եմ անում: Թե չէ` էս թերթերին էլ հավատալ չի լինում:
- Գրում էլ ե՞ք:
- Չէ, ես տենց բաների հետ չունեմ: Մենակ կարդում եմ,- ասաց տղամարդը` թվելով մի քանի ընդդիմադիր բլոգերների անուններ:
-- Լուսինե Գրիգորյան

Վերջին Կարծիքները