Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

Երկրի Հակառակ Կողմը - Նիկոլ Փաշինյան (մաս 1,2,3,4,5,6,7-րդ)

3

Երկրի Հակառակ Կողմը - Նիկոլ Փաշինյան (մաս 1,2,3,4,5,6,7-րդ)

nikol1.jpg

Պատմությունը, որ պետք է ներկայացնեմ իմ սիրելի ընթերցողին, արտասովոր է՝ մի քանի պատճառներով: Կարծում եմ՝ շատ քչերն էին սպասում, որ հետախուզման մեջ գտնվելու այս ընթացքում ես կհաջողացնեմ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել:

Այո, այո, ես պատրաստվում եմ ձեզ պատմել իմ կատարած անհավանական շուրջերկրյա ճանապարհորդության մասին, որ սկսվեց մարտի 3-ին: Եթե հիշողությունս կամ իմացությունս ինձ չի դավաճանում, ես հետախուզման մեջ գտնվող առաջին անձն եմ, որ կարողացել է պտտվել աշխարհի շուրջը, համենայնդեպս՝ առաջինն եմ, որ հայտարարում է այդ մասին: Սա իմ պատմության արտասովոր լինելու պատճառներից մեկն է: Հաջորդ պատճառը այն է, որ իմ ճանապարհորդության մասին գրելիս ստիպված եմ զգուշորեն նկարագրել փաստերը, դեպքերը, դրանց տեղի ունենալու կոնկրետ վայրերը. դա պարտադրում է հետախուզվողի իմ կարգավիճակը. հասկանում եք, որ չեմ կարող նկարագրել սահմանների հատման կոնկրետ վայրերը, չեմ կարող նշել այն նավերի անունները, որոնցով հատել եմ ծովեր եւ օվկիանոսներ՝ ոչ այնքան սեփական, որքան ինձ օգնած եւ ուղեկցած անձանց անվտանգության նկատառումներով: Ազգությամբ հայ իմ ուղեկիցների ո՛չ անունը կհիշատակեմ, ո՛չ ազգանունը: Ինչ վերաբերում է օտարերկրացի իմ բարեկամներին, նրանցից ոմանց կներկայացնեմ միայն անունով, որովհետեւ ինձ օգնելիս եւ ուղեկցելիս նրանք ստիպված են եղել խախտել իրենց երկրների որոշ օրենքներ: Չեմ ուզում, որ այդ մարդիկ պրոբլեմներ ունենան իրավապահ մարմինների հետ:

1. մեկնարկ՝ հանպատրաստից
Չնայած որպես իմ ճամփորդության պաշտոնական մեկնարկի օր նշեցի մարտի 3-ը, իրականում այն սկսվել է հենց մարտի 1-ի՝ լույս 2-ի գիշերը: Ես ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքը լքող վերջին խմբի մեջ էի: Մարտի 1-ի դեպքերի թատերաբեմը բոլոր կողմերից շրջափակված էր ոստիկանական, ԱԱԾ, բանակային եւ անհայտ ծագման այլ ուժերի կողմից, եւ ինչպես հասկանում եք, այդ տարածքը լքելը առանձնապես հեշտ չէր, մանավանդ որ ԱԱԾ մի քանի օպերատիվ խմբեր հենց սկզբից հետապնդում էին ինձ: Իսկ հետապնդումը կրնկակոխ էր, բառիս բուն իմաստով. պատկերացրեք, մի պահ ինձ եւ ԱԱԾ աշխատակցին իրարից բաժանում էր մետրուկեսից էլ պակաս մի տարածք: Հենց այդ պահին էլ ինձ համակեց զգացողությունը, թե իմ կյանքի առաջիկա ամիսները լի են լինելու հրաշքներով, որովհետեւ ԱԱԾ աշխատակիցը, որ, ինչպես նշեցի, ինձնից մետրուկես հեռավորության վրա էր, նայում էր ինձ ու չէր տեսնում: Քիչ էր մնում՝ ձեռքս տանեի գլխիս՝ ստուգելու համար, թե արդյո՞ք «անտեսանելի գլխարկ» չեմ կրում, բայց որեւէ շարժում անելը այս վիճակում անպատեհ կլիներ, եւ ես շարունակեցի կանգնած մնալ՝ որպես հուշարձան: Բայց ի՞նչ թաքցնեմ, սիրտս բաբախում էր ոչ թե արձանի, այլ հենց նոր համաշխարհային ռեկորդ սահմանած արագավազորդի սրտի նման: ԱԱԾ-ական բարեկամս, սակայն, որ փնտրող հայացքով ուղիղ ինձ էր նայում մի սերժաբոյ հեռավորությունից, կարծես ոչ միայն տեսողությունն էր կորցրել ու լսողությունը (սրտիս չրխկթրխկոցը չէր լսում), այլեւ հոտառությունը. չէ՞ որ ինը օր ու գիշեր ազատության խարույկների շուրջ լուսացնելով՝ ես անտանելի ծխահոտ էի բուրում: Չնայած սրան՝ հրաշքը տեղի ունեցավ. իմ որսորդը նայեց, նայեց ու, թերեւս բաց թողնելով արտահերթ կոչում ստանալու հնարավորությունը, հեռացավ:

Հետապնդումը սրանով, իհարկե, չավարտվեց եւ դեռ շարունակվելու էր, բայց ԱԱԾ-ական հայրենակիցներս նորից ինձ այդքան մոտ գտնվելու էին միայն մեկ անգամ. ի տարբերություն նախորդի, այս դեպքում մեր միջեւ անթափանցիկ պատնեշ կար, եւ ինձ կարող էին հայտնաբերել, եթե բացեին դուռը, ինչը տեղի չունեցավ, իսկ դա նշանակում էր, որ իմ անհավանական ճանապարհորդությունը դեռ շարունակվելու էր: Առաջին դեպքի համեմատությամբ, այս երկրորդը ամենեւին էլ հրաշք չէր, չնայած՝ առաջինի չպատահելու դեպքում կարող էր նման հավակնություն ունենալ: Բայց առաջին դեպքը տեղի էր ունեցել եւ բավական բարձր նշաձող սահմանել, այնպես որ՝ նրա հետ համեմատվելը հեշտ չէր: Այսպես, ուրեմն որսորդը հեռացավ՝ ինձ թողնելով անորոշության մեջ, ու մտածում էի՝ կհայտնվե՞մ արդյոք Երեւանի ուղղիչ տանը, թե՞ ոչ, անակնկալ կերպով հանդիպեցի նրան, ով ինձ պետք է հասցներ Թիֆլիս: Այս մարդուն, որին պայմանականորեն կանվանեմ Իմաստուն Ծերուկ, ես վաղուցվանից գիտեի, բայց մոտիկից ծանոթացել եմ 2007 թվականի մայիսին Ազատության հրապարակում նստացույց անելիս, ակցիա, որ հանրությանը հայտնի է «1+» անունով: Այդ մարդը ամենեւին էլ ծերուկ չէ, բայց ինչպես բազմիցս համոզվեցի, իմաստուն է: Եւ եթե պիտի գրեմ, որ նա իմաստուն է, ստիպված եմ նրան նաեւ Ծերուկ անվանել ժանրի կանոններով: Ի վերջո, «երիտասարդ իմաստուն» ասել չի լինի. եթե իմաստուն է, ուրեմն պետք է նաեւ ծերուկ լինի: Ահա, ուրեմն, Իմաստուն Ծերուկի հետ իմ հանդիպումը շատ պատեհ էր, որովհետեւ նա իմ սակավաթիվ ծանոթներից էր, ով չէր գտնվում ձերբակալության ենթակա անձանց ցուցակում: Նա ոչ մի կերպ չի կարող զանգվածային անկարգություններ կազմակերպողի դերին հավակնել, նաեւ չէր կարող մեզ հետ յուրացնել իշխանությունը, որովհետեւ մարտի 1-ից առաջ էլ ուներ այդ իշխանությունը, հիմա էլ ունի: Կարճ ասած՝ Իմաստուն Ծերուկը այն մարդկանցից է, որոնց պաշտպանելու համար, ըստ իշխանությունների, իմ ընկերներին ու ինձ հարկավոր էր ձերբակալել:

Իմաստուն Ծերուկին, սակայն, մեր հանդիպումը չվախեցրեց. ընդհակառակը, որոշեց լրջորեն զբաղվել իմ անվտանգության հարցով: Նա գիտեր, որ ԱԱԾ-ն ինձ փնտրում է, գիտեր, որ փնտրտուքի ծավալները գնալով մեծանում են, եւ ես Երեւանում, ապա եւ Հայաստանում չձերբակալվելու շանս չունեմ: Ինչպես արդեն ասացի, նա ինձ ի վերջո տարավ Թիֆլիս, ըստ էության՝ առանց իմ կարծիքը հաշվի առնելու: Ես ակամա հայտնվեցի այնտեղ: Սա էլ հրաշք էր եւ կարող էր տեղի չունենալ, քանի որ ԱԱԾ-ն շարունակում էր ինձ, հիմա արդեն մեզ կրնկակոխ հետապնդել: Բայց նրանք իմ հետքը Դիլիջանում կորցրեցին. ԱԱԾ-ն այստեղից շարժվեց դեպի Հաղարծին գյուղ, որտեղ ապրում են մայրական կողմի իմ հարազատները, ապա եւ Իջեւան, ուր ապրում են ծնողներս, եղբայրս, ընկերներս: ԱԱԾ-ն հույս ուներ ինձ գտնել այդ կողմերում, բայց մենք այդ մասին իմանալով՝ Դիլիջանից թեքվեցինք դեպի Լոռվա մարզ. միանգամից ասեմ՝ Իմաստուն Ծերուկը Լոռվա մարզում լուրջ կապեր եւ մոտակա անտառների, ձորերի մասին լավ պատկերացում ունեցող մեկը դուրս եկավ: Ուստի նրա համար առանձնապես դժվար չէր մեզ համար զարտուղի, այսինքն՝ անվտանգ ճանապարհների երթուղի նախագծել եւ տեղացիների օգնությամբ իրականացնել նախագիծը՝ դուրս գալ հայ-վրացական սահմանի մի ամայի հատված եւ անարգել հատել այդ սահմանը: Ի վերջո, մենք հայտնվեցինք Ջավախքում, եւ այս ճամփորդությունը ինձ ստիպեց մտածել, թե արդյոք Իմաստուն Ծերուկը իր իշխանական դիրքը օգտագործելով՝ մաքսանենգությամբ չի զբաղվում: Համենայնդեպս, եթե նա կարող է այդպես անարգել հետախուզվողին երկրից դուրս բերել, նույն հաջողությամբ կարող է ապրանքներ ներկրել եւ արտահանել: Այս կասկածներս ավելի խորացան Թիֆլիսում նրա տուն ունենալու հանգամանքով, բայց այս պահին այդ մարդը իմ բարերարն էր, եւ իրավապահ մարմինները փնտրում էին ինձ եւ ոչ թե իրեն:

Իսկ Փարվանա լիճը ես այդպես էլ չտեսա. երբ նրա ափին լինելու ցանկության մասին ասացի ուղեկցիս, նա հեգնեց. «Դու տուրի՞ստ ես, թե՞ հանցագործ»: Իմ այն փաստարկը, թե կարելի է հաճելին համատեղել օգտակարի հետ, ըմբռնում չգտավ, եւ մենք շուտով հայտնվեցինք Թիֆլիսում, եւ Ծերուկը, ինձ հանձնելով նոր ուղեկցիս, հեռացավ: Ես այդ ժամանակ չգիտեի, որ Ծերուկի հետ էլի եմ հանդիպելու իմ երկարատեւ ճամփորդության ընթացքում, ճամփորդություն, որ ինչպես սկսվել էր ակամա, այնպես էլ պետք է շուրջերկրյա դառնար ակամա:

2. Բարեւ Վրաստան

Թիֆլիսում իմ ուղեկիցը լինելու էր Զուրաբ անունով մի տղա: Ճիշտն ասած՝ հայաստանյան կենցաղային նախապաշարման համաձայն այս վրացի երիտասարդի հետ ծանոթությունից շատ բան չէի սպասում, բայց առաջ անցնելով ասեմ, որ նա մի հարազատ ընկեր դարձավ ինձ համար, անուշ ախպեր:

Զուրաբի հետ իմ ընկերության եզրակացությունը մեկն է. ափսոս, որ մենք այսքան մոտ լինելով, այդքան վատ գիտենք վրացիներին, նրանց մշակույթը, նրանց զգացմունքներն ու ոգին: Նույնն էլ, ի դեպ, իրենք: Ու չնայած՝ «մոտիկ հարեւանը հեռու բարեկամից լավ է» ասացվածքը մենք մերն են համարում, վրացիք՝ իրենցը, ոչ մենք ենք բավարար չափով կիրառում, ոչ վրացիք. ընդհակառակը շատ դեպքերում ուղիղ հակառակ կերպով ենք վարվում:

Զուրաբի եւ իմ մտերմանալը, թերեւս նրանով էր պայմանավորված, որ մենք շատ բանով ենք իրար նման: Նա էլ ինձ նման դպրոցն ավարտել էր մայրաքաղաքից հեռու, հետո ուսանող դառնալու համար եկել էր մայրաքաղաք եւ ապաստանել հորաքրոջ տանը, ուսանող դառնալու ճանապարհին բարդությունների հանդիպել ու դրանք հաղթահարել, նրա կյանքում էլ էր տատիկը մեծ դեր խաղացել:

Գործնական առումով- ինձ Վրաստան բերած հանգամանքները «սպասարկելու» համար նա լուրջ կապեր ուներ՝ մասնավորապես սահմանապահների շրջանում: Մենք չգիտեինք, թե արդյոք իմ նկատմամբ հայտարարված հետախուզումը միջազգային է դարձել, բայց չէինք կասկածում, որ այն Վրաստան հասել է: Ուստի համոզված էինք, որ եթե վրաց իրավապահների ձեռքն ընկնեմ, նրանք ինձ անպայման կհանձնեն ՀՀ իշխանություններին՝ առանց այն էլ փխրուն հայ-վրացական հարաբերությունները չփչացնելու կամ լարվածություն չստեղծելու նկատառումով: Այս է պատճառը, որ Զուրաբը ձեռնամուխ եղավ ինձ Վրաստանից հանելու գործին, որը հազար ու մի պատմության հետ էր կապված: Ու մինչ Զուրաբի ընկեր սահմանապահները մեր գործերի կարգավորմամբ էին զբաղված, մենք համենայն դեպս հեռացանք Թիֆլիսից, մանավանդ որ՝ այսպես թե այնպես Բաթում պիտի հասնեինք: Մեզ տեղ հասցնելու գործը ստանձնեց Զուրաբի մանկության ընկեր, ազգությամբ քուրդ Ավոն, որը տաքսի էր քշում Թիֆլիսում: Նա համաձայնեց մեկ-երկու օր իր մեքենայով մեզ ծառայել, մանավանդ որ շատ էր ուզում, որ իր ընկերը պատշաճ մակարդակով ընդունի եւ ճանապարհի հյուրին:

Բայց մենք որոշ ժամանակ ունեինք, եւ Զուրաբը ինձ համար հետաքրքիր ժամանց կազմակերպեց. մենք եղանք վրացիների հպարտությունը հանդիսացող Ձվարիում, որը 6-րդ դարի ճարտարապետական համալիր է, մտանք Զուրաբի հայրենի գյուղ, որը մի չնաշխարհիկ լեռնային վայրում է. այստեղ տեսա շարքային վրացիների, կերա նրանց հացը՝ ճադին, լսեցի նրանց զարմանալի զարմանալի պատմությունները, որոնք լացելու չափ ծիծաղելի էին եւ լացելու չափ տխուր: Ես սիրեցի վրացիներին, որովհետեւ նրանք շատ նման են մեզ՝ հայերիս, թե իրենց թերությունների, թե առավելությունների մեջ: Վրաստանում ոչ մի արտառոց բան չպատահեց, եթե արտառոց չհամարենք այն, որ ես ուժեղ տպավորություններ ստացա, ինչի մասին մանրամասն խոսելու առիթ հուսով եմ կունենամ:

Ի վերջո մենք հասանք Բաթում, որտեղ պարզվեց՝ Զուրաբի ընկեր սահմանապահները հարմար տարբերակ են գտել. եւ պատրաստվում են ինձ ճանապարհել Հունաստան: Ճիշտն ասած ես շատ ուրախացա, որ իմ հաջորդ կանգառը Հունաստանն էր դառնալու, որովհետեւ չէի ուզում Թուրքիա անցնել:

Հունաստան պետք է մեկնեի նավով, ուր ինձ պիտի տեղավորեր անձնակազմի մի անդամ՝ Անճոռնի Բիձուկը, որի պարտականությունը ըստ էության նավի վրա հավաքարարություն անելն էր: Սա մի աներեւակայելի անճոռնի արտաքինով երիտասարդ էր, որը աչքի էր ընկնում ոչ միայն արտաքին այլանդակությամբ, այլեւ զարմանալի խելքով եւ սրամտությամբ: Բայց սա արդեն մեր պատմության հունական հատվածին է վերաբերում. իսկ վրացական մասը ավարտելով ասեմ, որ այն ավարտվեց դժբախտությամբ: Հենց առաջին օրը մեզ հետ նավ նստած մի դպրոցահասակ տղա խեղդվեց ծովում: Նա բաց ծովում վայր էր ընկել նավից, ոմանք ասում էին դիտավորյալ է թռել: Վրաստանում ծնված մեծացած, բայց ազգությամբ հույն այդ տղայի ընտանիքը մեկնում էր Հունաստան՝ մշտական բնակության, եւ ահա այսպիսի դժբախտության հանդիպեց:

Իսկ Զուրաբի հետ մենք բաժանվեցինք նորից հանդիպելու հաստատ վճռականությամբ. նա ինձ դեռ կպատմի իր կյանքի բազմաթիվ պատմություններից. մինչ հանդիպում բատոնո:

3. ներիր ինձ, որդիս

Ծովը մռայլ էր, բայց խաղաղ: Ինձ թվում էր, որ դա արտաքուստ եւ մի տեսակ արհեստական խաղաղություն է: Ինչ է կատարվում ընդերքում, ինչ է մտածում Ծովը եւ ինչ է ուզում, ինչի մասին է երազում: Բայց միթե ես չեմ ճանաչում Ծովի երազանքը, միթե չգիտեմ նրա մասին ամեն ինչ, համարյա ամեն ինչ: Միթե ես այդ երազանքի իրագործմանը չեմ ծառայում:

Իսկ եթե այդ երազանքը անիրագործելի է, իսկ եթե սին է այդ երազանքը: Միեւնույնն է, ես պիտի ծառայեմ այդ երազանքին, պիտի անմնացորդ ծառայեմ, որովհետեւ խոստացել եմ որդուս…
Ես հիշում եմ այդ օրը: Տուն վերադարձա սովորականի նման ուշ: Նոփ -նոր ծառայողական մեքենաս ինձ հասցրեց մինչեւ մուտքի դուռը, նա ինձ վերցրել էր նոր նորոգված ու հարմարավետ աշխատավայրի մուտքի մոտից: Ես արդեն նաեւ տուն ունեմ եւ այդ նոր նորոգված տանը ապրում են իմ սիրելիները, իմ ընտանիքը: Ես, որ գավառական իմ ծննդավայրը լքել եմ, որպես չարքաշ ընտանիքիս համար ծանրացող մի բեռ, հիմա արդեն կարող եմ ուսերիս կրել ոչ միայն սեփական ընտանիքի բեռը: Իմ բախտը բերեց, ես ունեցա այդ շանսը, բայց միթե դա ինչ-որ բան նշանակում է: Միթե ես՝ իբր ազնիվ, իբր անկաշառ, իբր համարձակ, իբր հայտնի սուբյեկտս ոչինչ չունեմ ասելու այն մարդկանց, ում բախտը չի բերելու, շանս չեն ունենալու, որովհետեւ մենք, բոլորս նրանց զրկել ենք շանսից, հանուն սեփական շանսի: Միթե մենք չպիտի պայքարենք, որ նրանք նույնպես ունենան այդ շանսը: Չէ, որ կյանքը կարճ է, այնքան կարճ, որ կարելի է նաեւ չապրել, ու չեն ապրելու: Միթե մենք պիտի թույլ տանք, որ նրանք ապրեն առանց կյանքի…

Ես շեմքից ներս մտա: Որդիս անվրդով քնած էր: Ես ուրախացա, բայց ոչ թե իմ հարկի տակ տիրող խաղաղության համար, այլ, որ որդիս քնած էր: Ես չէի ուզում, որ մեր հայացքները հանդիպեն, չէի ուզում, որ որդիս նայի աչքերիս մեջ, որովհետեւ ինձ թվում էր, որ նա ամեն ինչ կհասկանա ու չի վարանի ինձ հարցնել.«Հայրիկ, դու վախկո՞տ ես»:

-Բայց որդիս, ես վախենում եմ քեզ կորցնել…

-Սուտ է. դու վախենում ես կորցնել քո ծառայողական ավտոմեքենան, դու վախենում ես կորցնել քո կաբինետը, քո շինծու հպարտությունը, քո շինծու հեղինակությունը: Միթե դու ոչինչ չես հասկացել, հայրիկ: Միթե դու ոչինչ չես հասկացել քո մահճակալի մոտ դրված Աստվածաշնչի ընթերցումից. Աբրահամը իր որդի Իսահակին դրեց զոհասեղանին, եւ այդպիսով, միայն այդպիսով փրկեց նրան:

-Քեզ դնել զոհասեղանի±ն: Բայց միթե ես դա չեմ անի հանուն ավելի լավ ծառայողական մեքենայի, հանուն ավելի լավ կաբինետի, հանուն ավելի մեծ, բայց ավելի շինծու հեղինակության, ավելի մեծ, բայց ավելի շինծու հպարտության:

-Հայրիկ, դու ստահա՞կ ես:

-Ես խոստանում եմ, խոստանում եմ ստահակ չլինել, որդիս: Ես խոստանում եմ վախկոտ չլինել, որդիս, ես խոստանում եմ քեզ դնել զոհասեղանին: Ներիր ինձ, որդիս:

Ծովը մռայլ էր, բայց խաղաղ: Այստեղ, այնտեղ հանդիպող ռազմանավերը կարծես հսկում էին ծովի հանդարտությունը: Նրանց կարծես թվում էր, թե այդ իրենք Ծովին թույլ չեն տալիս ալեկոծվել: Նրանք չէին հասկանում, որ եթե Ծովը ցանկանա, իրենց բոլորին կուլ կտա մի ակնթարթում: Բայց Ծովը տխուր էր, նա տխուր էր այն տղայի համար, որ նետվել կամ ընկել էր նավից: Ծովը սիրում էր իր զավակներին, Ծովը չէր ուզում խժռել իր զավակներին, Ծովը համբերատար էր:

Իսկ ես. արդյոք ճիշտ եմ վարվում, արդյոք իմ տեղը իմ ընկերների կողքին չէ, ովքեր մաքառում են զնդաններում, արդյոք ես նրանց մենակ չեմ թողնում փորձության պահին: Բայց ինքնակամ այնտեղ գնալ, կնշանակի հանձնվել, իսկ հանձնվել չի կարելի: Հարկավոր է պայքարել, հարկավոր է հաղթել: Ես կպտտվեմ աշխարհի շուրջը, եւ դա կդառնա մի նոր հաղթանակ: Ես չեմ թաքնվի, ես կհայտարարեմ իմ երթուղին, բռնեք ինձ եթե կարող եք:

4. դեսանտ Սալոնիկում

Նավը ինձ հեռացնում էր Հայաստանից, բայց դա փախուստ չէր: Ես հեռանում էի Հայաստանից, բայց գնում էի Հայաստան: Չէ՞ որ Երկիրը կլոր է, եւ եթե աննահանջ շարունակես ճանապարհդ, կհասնես նույն քեզ սիրելի ու հարազատ տեղը: Ինչքան էլ գոռաս՝ առաջ, դեպի Հայաստան, միեւնույն է, դա հանգեցնելու է վերադարձի: Երկար ճանապարհ կտրելով՝ դու վերադառնալու ես այն կետին, որտեղ ընդհատվել է քո երազանքը:

Եւ ես ուրախ եմ, որ անցնում եմ այս ճանապարհը, չնայած՝ շատ տեղերում այնքան քիչ եմ մնում, որ ի վիճակի չեմ ընթերցողին ներկայացնել այս կամ այն երկրի բնապատկերներ: Երբեմն գիշերվա ընթացքում մենք հատում անցնում ենք մի ամբողջ երկիր, եւ ես ընդամենը տեսնում եմ հեռվում կամ ավելի մոտիկ վառվող լույսեր: Առայժմ իմ ճամփորդությունը լավ է ընթանում, բայց արդյո՞ք ինձ կհաջողվի հասնել նպատակակետին՝ վերադառնալ Հայաստան, վերադառնալ երկրի հակառակ կողմից: Չէ՞ որ ես այստեղ էլ հայրենի ոստիկանության տեսադաշտից հեռու՝ ամեն պահի կարող եմ ձերբակալվել: Ես չունեմ պատշաճ ձեւակերպված փաստաթղթեր, ինձ ուղեկցում են մարդիկ, որոնց ես չեմ ճանաչել: Բայց պարզվեց՝ այս ճամփորդությունը ավելի դժվար չէ, քան սովորական տուրիստական ուղեւորությունը: Ուղղակի դու պետք է ցանկանաս, շատ ցանկանաս վերադառնալ Երեւան, Աստաֆյան փողոց, պիտի շատ ցանկանաս վերադառնալ՝ երկրի հակառակ կողմից:
Մեր նավը պետք է խարիսխ գցեր Սալոնիկում: Իմ հետագա երթուղին անորոշ էր, անելիքը՝ նույնպես: Բայց ահա, անսպասելի լուր ստացա, որ իմ Իմաստուն Ծերուկը ինձ սպասելու է Սալոնիկում: Սա ինձ շատ ոգեւորեց, որովհետեւ ես գաղափար չունեի, թե ինչպես եմ դուրս պրծնելու Հունաստանից: Ինչ վերաբերում է իմ այժմյան ուղեկցին՝ Անճոռնի Բիձուկին, նա, ինչպես ասացի, նավի անձնակազմի ամենացածր խավից էր: Նրա տեսքին նայելիս կարելի էր ասել, որ նա իր ողջ կյանքը կանցկացնի ետնախորշերում, բայց պարզվեց՝ սրիկան չափազանց խելացի է եւ հասցրել է աչքի ընկնել ղեկավարության առաջ: Մի անգամ նավապետը հարբած վիճակում գրազ էր եկել, թե ինքը կարող է խմել ծովի ջուրը՝ այնպես, որ ծովը դատարկվի: Որպես խաղադրույք նա դրել էր Սալոնիկի իր ճոխ առանձնատունը եւ նշանակել «ծովը դատարկելու» կոնկրետ օր եւ ժամ: Հաջորդ օրը սթափվել էր եւ ընկել հուսահատության գիրկը:

Լուրը շատ արագ տարածվել էր նավի վրա, իսկ գրազի մյուս սուբյեկտը՝ մի հարուստ գործարանատեր, հայտարարել էր, թե չի պատրաստվում հրաժարվել գրազից եւ զիջել մեծախոս նավապետին: Ու մինչ բոլորը համոզված էին, որ նավապետը խայտառակ կերպով տանուլ է տալու, Անճոռնի Բիձուկը նրան լուր է ուղարկել, թե գիտի ինչ անել՝ պարտությունից խուսափելու համար: Նավապետը ինքն էր եկել նրա կեղտոտ նավախուցը, ուշադիր լսել նրա խորհուրդները եւ իրոք կարողացել էր խուսափել պարտությունից: Իսկ դա տեղի էր ունեցել ահա թե ինչպես:

Գրազով նախանշված օրը եւ ժամին նավապետը դուրս էր եկել տախտակամած: Այստեղ արդեն նրան սպասում էին ոչ միայն հարուստ գործարարները, այլեւ գրեթե ողջ անձնակազմը եւ նավի ուղեւորները: Գործնականում ոչ ոք չէր էլ կասկածում, որ գործարանատերը կհաղթի, պարզապես մարդիկ ուզում էին տեսնել, թե դա ինչպես տեղի կունենա: Ու երբ դեպքի վայր հասած նավապետը անվրդով ձեռքի պայուսակի միջից հանել էր իր սիրած գավաթը, որով սովորաբար գարեջուր էր խմում, տախտակամածի վրա անզուսպ քրքիջ էր բարձրացել: Բայց նավապետը չէր էլ շփոթվել. հրահանգել էր իր համար բերել առաջին դույլ ծովի ջուրը: Նրա հրահանգը կատարվել էր, եւ նա ապշած ականատեսների հայացքի ներքո իր գավաթը մտցրել էր դույլի մեջ ու այն լցրել ծովի ջրով: Հետո գավաթը մոտեցրել էր շուրթերին՝ պատրաստվելով այն խմել, մեկ էլ հանկարծ ետ էր տարել ու դիմել գրազի տիրոջը՝ հարուստ գործարանատիրոջը.

- Ձեր թույլտվությամբ ես ուզում եմ ճշտել գրազի պայմանները. ես պետք է խմեմ ծովի ամբողջ ջուրը. ճի՞շտ է:

- Միանգամայն ճիշտ է,- ասել էր գործարանատերը:

- Այսինքն՝ միայն ծովի ջուրը եւ ընդամենը:

Այստեղ նորից անասելի քրքիջ էր բարձրացել, ինչի ներքո գործարանատերը պատասխանել էր.

- Միայն ու միայն ծովի ջուրը, ընդամենը ծովի ջուրը:

- Այդ դեպքում,- հաղթական ասել էր նավապետը,- խնդրում եմ փակեք գետերը, որպեսզի դրանք ծովը չլցվեն, թե չէ՝ ես մի կողմից կդատարկեմ ծովը, մյուս կողմից այն կլցվի գետերի ջրերով, իսկ գետերի ջուրը խմելը մեր գրազի պայմանների մեջ չի մտնում:

Այստեղ հնչել էին բուռն եւ երկարատեւ ծափահարություններ, հիացական բացականչություններ: Գործարանատերը համաձայնել էր ոչ-ոքիի:

Այս պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած վիճակից ելք կա: Իսկ երբ Անճոռնի Բիձուկը այս պատմությունը ինձ պատմեց, ես հասկացա, որ, եթե, իհարկե, չի խաբում, նա շատ չի մնա իր այսօրվա կարգավիճակում: Նրա խոսք ու զրույցից զգացվում էր, որ իսկապես խելացի է, բայց նրա խելքը ինձ դուր չեկավ, որովհետեւ նկատելի էր, որ նա անուղղելի շահամոլ է: Նա օձի, այսինքն՝ սողունի հոգեբանություն ուներ. համենայնդեպս, ինձ այդպես թվաց, եւ այս էր պատճառը, որ ես անհամբեր սպասում էի մեր՝ Սալոնիկ հասնելուն, ոչ այնքան Իմաստուն Ծերուկին հանդիպելու, որքան Անճոռնի Բիձուկից բաժանվելու համար: Վերջինս չնայած Հունաստանից էր, բայց կարծես թե հույն չէր. «Հիմա քարտեզի վրա շատ դժվար է գտնել այն վայրը, որտեղ ծնվել են իմ նախնիները»,- ասում էր նա:

Ինչքան եմ հոգնել այս խելոքի շաղակրատանքից, նրա տխմար խորհուրդներից, նրա այլանդակ դեմքից ու մեծամտությունից: Ահա, հորիզոնում երեւում է Սալոնիկը, ու չնայած Բիձուկը ինձ խնդրում է եւս մեկ օր մնալ, որպեսզի նա իր ողջ ասելիքն ինձ ասի, ես ուզում եմ փախչել նրանից, այդ կեղտոտ խոզի մռութից: Այո, նա ինձ մեծ ծառայություն մատուցեց, բայց ես չսիրեցի նրան, չնայած՝ հարգանքով կհիշեմ նրա մասին:

Ահա, մեր նավը հասավ նավահանգիստ: Բիձուկը ինչպես գաղտնի դռնով ինձ նավ էր բարձրացրել, այնպես էլ գաղտնի դռնով իջեցրեց՝ ստիպված լինելով կիսատ թողնել իր պատմությունները: Նա արդեն գիտեր, թե Ծերուկը մեզ որտեղ է սպասելու: Զուրաբի սահմանապահ ընկերները նրան հաղորդել էին հյուրանոցի անունն ու հասցեն: Իմաստուն Ծերուկի հետ հանդիպումը սրտառուչ ստացվեց: Նա վեհապանծ կեցվածքով նստած էր հյուրանոցի ֆոյեում: Ծերուկին տեսնելուն պես հիշեցի նրա՝ մաքսանենգ լինելու վարկածս: Ճիշտ է, նրա դեմքին նայելիս չէիր մտածի, թե մաքսանենգ է, բայց Բիձուկի դեմքն էլ ամենեւին չէր դավաճանում նրա՝ «փիլիսոփա» լինելը:
Ես Ծերուկին այդպես էլ չհարցրի, թե արդյո՞ք գործերով է Սալոնիկ եկել, թե՞ հատուկ ինձ համար: Բայց դա ինձ մինչեւ հիմա էլ հետաքրքրում է:

Մենք հրաժեշտ տվեցինք Անճոռնի Բիձուկին: Իմաստունն ինձ ասաց, որ ես կարող եմ իր համարում լոգանք ընդունել, ապա մենք կճաշենք ռեստորանում, ապա, եթե ուզում եմ, կարող եմ քնել ու երբ արթնանամ, պետք է շարժվենք: Իմաստուն Ծերուկը, սակայն, ինձ արթնացրեց ավելի վաղ, քան ինքս կարթնանայի: Նա ասաց, որ մենք պետք է նախ գնացք նստենք, ապա ավտոմեքենա եւ Մակեդոնիայով հասնենք Սերբիա: Ես ըստ էության գլխի էլ չընկա, թե մենք որտեղ հատեցինք հույն-մակեդոնական, ապա՝ Մակեդոնիա-Սերբիա սահմանը: Սահմանի հատման մասին կարելի էր կռահել միայն այն բանից, որ մենք դուրս էինք գալիս գլխավոր մայրուղուց եւ մտնում ինչ-որ անբարեկարգ, երբեմն՝ գոյություն չունեցող ճանապարհներ:

Սալոնիկից մենք գնացքով հասանք հույն-մակեդոնական սահմանի մոտ գտնվող մի կիսակայարան, որտեղ մեզ իր «Ռենջ-Ռովեր» ջիփով դիմավորեց ազգությամբ սերբ մի աժդահա՝ Մարկոն, որին, ինչպես պարզվեց հետո, փնտրում էր Հաագայի միջազգային դատարանը՝ Կոսովոյի գործով: Նա իր թիկնապահ վարորդի հետ էր:

* * *
(մաս չորրորդ)
(Ենգլիշ իս բելու)
5. մահ կամ ազատություն

Մակեդոնիան ինձ համար մնաց որպես անհայտ երկիր: Մենք նախընտրում էինք գիշերը ճամփորդել, իսկ ցերեկները քնել ճանապարհամերձ մոթելներում: Ցերեկային ճամփորդությունը մի ավտոմեքենայով, որի ուղեւորներից երկուսը հետախուզվում են, չափազանց մեծ ռիսկ է: Եւ ահա, Մակեդոնիան մեզ համար դարձավ երեկոյան նախաճաշերի եւ առավոտյան ընթրիքների երկիր: Երբեմն, երբ լուսինը կամ այգը լուսավորում էր մեր ճանապարհը, ինձ թվում էր , թե մենք սլանում ենք Հայաստանի ճանապարհներով, ահա՝ կարծես Դիլիջանի ոլորաններում լինենք կամ էլ Արփայի հովտում: Բայց սա նմանություն է, ընդամենը նմանություն: Սա Հայաստանը չէ, այլ Մակեդոնիան, եւ որքան հասկացա, այս երկիրն առայժմ հպարտանալու շատ բան չունի: Առայժմ միայն անուն, բայց այն էլ ուզում են խլել նրանից: Դա ինձ չի զարմացնում, ինձ զարմացնում է Իմաստուն Ծերուկը, որը այսքան լայն գործունեություն է ծավալում: Նա հաստատ իր դիրքը օգտագործելով՝ զենքի ապօրինի առեւտուր է անում, եւ Մարկոյի հետ նրա հանդիպումը այդ գործերի հետ է կապված, ինձ էլ ձեռքի հետ են տանում, միեւնույն է, ինձնից վնաս չկա, համ էլ լավություն են անում:

Մարկոն, ժամանակակից լեզվով ասած, կարգին տղա է. լուսավոր, համարձակ, պատրաստ է հաղթահարել ուզածդ խոչընդոտ: Նա սիրում է իր ազգը, իր ժողովրդին, պատրաստ է կյանքը տալ նրա համար եւ ոչնչացնել ցանկացած մեկին, ով կվիրավորի իր ժողովրդին, իր հայրենիքը: Մարկոն առանձնապես խելացի չէ, բայց ազնիվ է եւ ուղղամիտ: Նա իր ազգի հերոսն է, չնայած սրան՝ հայհոյախոսի մեկն է եւ անընդհատ հիշոցներ է տեղում աջ ու ձախ: «Ես դրանց մերը...»,- ասում է նա ամերիկացիների մասին, «Ես դրանց կերածը...»,- ասում է նա եվրակառույցների մասին, «Ես դրանց ծնողը...»,- ասում է նա Հաագայի դատարանի մասին, որ փնտրում է իրեն եւ իր բազմաթիվ ընկերների:

- Չէ, դու տեսա՞ր էդ դատախազ քածին (1): Գիրք է գրել, ես քո բերանը... Բայց գլխավորը չի գրել, ամենագլխավորը:

- Ի՞նչը նկատի ունես,- հարցնում եմ:

- Ասեմ, ախպերս, պարզ ասեմ: Դու գիտես, թե նա մեզ ինչու չի կարողանում տանել, որովհետեւ մենք իրեն չենք շինել: Էդ կնիկը հույս ուներ, որ մենք իրեն մի լավ կշինենք, հերթով ու բոլորով, ու ինքը ի վերջո առաջին անգամ կպրծնի իր շինված կյանքում: Նա հույսը վաղուց է կտրել եվրոպացի գոմիկներից եւ գիտի, որ միայն սերբական առնականությունը կարող է նրան ստիպել դոշակը ճանկռել: Բայց դու տեսել ես նրա դեմքը, դու կշինեի՞ր նրան,- անսպասելի հարցրեց նա ինձ:
Ես շփոթված նայեցի իմ կողքին նստած Իմաստուն Ծերուկին, իսկ նա մի այնպիսի հանդիմանանքով ինձ նայեց, կարծես այդ ես եմ մեղավոր, որ խոսակցությունը այսպիսի ընթացք ստացավ: Բայց Մարկոն, բարեբախտաբար, չպնդեց, որ ես պատասխանեմ, եւ շարունակեց զարգացնել իր դարակազմիկ միտքը, որով փորձում էր բացատրել իր հայրենիքի շուրջ տեղի ունեցող գլոբալ գործընթացները:

- Չէ, ախպերս. մենք՝ սերբ տղերքս, չենք կարող մեր մարմինը պղծել այդպիսի աղբով: Մեր աղջիկները, ես նրանց բոլորին սիրում եմ, մի քանիսին որպես կին, մյուսներին որպես քույր, հարազատ, արյունակից, ես նրանց բոլորի մաքուր հոգուն մեռնեմ, նրանք կթքեին մեր վրա, եթե մենք դա անեինք: Էդ դատախազ քածը հուսախաբ եղավ, բայց չհուսահատվեց եւ հիմա մեզ ուզում է քարշ տալ Հաագայի հարմարավետ խցերը, որ մեզ սրտի ուզածի չափ քշի, կերել ես, քո ծնողը:

Ես փորձեցի խոսակցությունը տեղափոխել ավելի քաղաքակիրթ բառապաշարի հուն.

- Բայց ճիշտը խոսենք. դուք լավ էլ կոտորել եք Կոսովոյի ալբանացիներին:

Մարկոն զարմացած հայացքով նայում է ինձ.

- Բա ի՞նչ պետք է անեինք, պետք է թողնեինք, որ իրենք մեզ կոտորե՞ն...

- Բայց դուք կոտորում էիք ոչ միայն ձեզ կոտորողներին, այլեւ խաղաղ բնակիչներին,- ասում եմ ես:

- Իսկ դու գնա ու տարբերիր. առավոտյան նա խաղաղ բնակիչ է, իսկ ճաշից հետո՝ շահիդ:

- Իսկ կանա՞յք, երեխանե՞րը...

-Լսիր, ախպերս, նրանց կանայք կին են, երեխաները՝ երեխա, իսկ մեր կանայք քո՞ւրջ են, երեխաները՝ առնե՞տ: Դու այնպես ես խոսում, կարծես ֆրանսիացի լինես: Հային ես ի՞նչ ունեմ բացատրելու: Քանի՞ թուրք է դատել քո քնձռոտ միջազգային դատարանը 15 թվի կոտորածի համար: Իսկ դու քեզ հարց չե՞ս տվել, թե ինչ գործ ունի թուրքը Բալկանյան թերակղզում, Կոսովոյում, ամենուր: Ի՞նչ է, հյուր ենք կանչել նրանց եւ հետո խնդրեցինք մնա՞լ՝ մեր առաջին հարսանեկան գիշերը վայելելու: Ճիշտ ես ասում՝ մենք ենք մեղավոր, մենք, որ մեր էսօրվա ճղճիմ կյանքը ավելի ենք սիրել, քան մեր ապագան, մեր արժանապատվությունը: Չենք ցանկացել մեզ զոհել, ու մեզ մորթել են ոչխարի նման, հա, ոչխարի նման:

Մարկոն լռեց: Ես էլ ոչինչ չասացի: Իմաստուն Ծերուկը մեր խոսակցությանը խառնվելու ոչ մի ցանկություն չէր ցուցաբերում: Երեւում է՝ այս թեմաների մասին նա տվել-առել էր Մարկոյի հետ: Ծերուկը փորձում էր ննջել, ինչքանով որ թույլ էր տալիս Մարկոյի բորբոքված ձայնը: Ու չնայած Մարկոն ինձ 15 թիվը հիշեցրեց, ես մտքով 88 թվին հասա: Աստված իմ, որքան է մեր բախտը բերել, որ մենք կարողացել ենք առանց գլխացավանքի, առանց մի հատիկ կրակոցի Հայաստանը ազատել ադրբեջանցիներից: Ի՞նչ կլիներ, եթե հայաստանաբնակ ադրբեջանցիները մնային եւ դառնային անկախ Հայաստանի քաղաքացի, կամ էլ մինչ այդ Հայաստանի ներսում զինված բախում սկսվեր: Դա կլիներ մեր վերջը: Եւ մեր պատմության այդ հատվածը մինչ օրս ինչպես հարկն է ընկալված չէ, այդ պատմությունը կերտողները գնահատված չեն: Զարհուրելի է ուղղակի: Ի վերջո ես ընդհատում եմ լռությունը.

- Գիտե՞ս ինչ, Մարկո, ես քեզ հասկանում եմ, լավ եմ հասկանում, շատ լավ հասկանում եմ նաեւ իմ այն հայրենակիցներին, որոնց կարգախոսը համընկնում է սերբականի հետ. մահ կամ ազատություն: Հավատա, որ ես հարգում եմ այդ կարգախոսը, սիրում եմ այն: Բայց շատ հաճախ մենք մոռանում ենք ժամանակի եւ տարածության մասին, մոռանում ենք, որ աշխարհը փոխվում է: Եթե 18 թվականին մենք Երեւանի մոտ՝ Սարդարապատում, եւ Բաշ Ապարանում չկռվեինք թուրքի դեմ, պետություն չէինք ունենա: Իսկ եթե 88 թվին մենք փորձեինք մեր պապերի վրեժը լուծել Մասիսի, Սիսիանի, Վարդենիսի թուրքերից, մենք էլի չէինք ունենա պետություն, որովհետեւ մենք չէինք կարող թուրքերի դեմ կռվել ե՛ւ Մասիսում, ե՛ւ Սիսիանում, ե՛ւ Վարդենիսում, ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Նախիջեւանում, ե՛ւ Հայաստանում սահմանի ողջ երկայնքով: Իսկ եթե 15 թվին կռվեինք թե՛ Ստամբուլում, թե՛ մնացած բոլոր տեղերում, գուցե թե փրկվեինք: Հասկանո՞ւմ ես, կռվելը ինքը նպատակ չէ, խաղաղությունը նույնպես: Հաղթում է նա, ով կռվելու ժամանակը կարողանում է տարբերել հաշտվելու ժամանակից եւ կռվելու ժամանակի մեջ կռվում է, հաշտվելու ժամանակի մեջ՝ հաշտվում:

Մարկոն ոչինչ չասաց, ես շարունակեցի.

- Արի արդյունքներով նայենք. Կոսովոն դուք կորցրիք, Բոսնիան կորցրիք, Չեռնոգորիան կորցրիք: Սա հատուցումն է այն բանի, որ դուք կռվեցիք այն ժամանակ, երբ պետք էր սիրաշահել: Բայց սխալ չհասկանաս. դու զինվոր ես, դու անմնացորդ նվիրվել ես քո գործին, եւ դու հերոս ես, քո ազգի հերոսը: Քո գործը հրամաններ կատարելն է, եւ դու այդ անելու համար ոչինչ չես խնայել: Բայց քեզ հրաման տվողները պետք է մտածեին քեզ հրաման տալուց առաջ, որովհետեւ նրանց գործը հրաման տալուց առաջ մտածելն է: Նրանք չեն արել իրենց գործը, նրանք դավաճանել են իրենց ժողովրդին:

- Միեւնույն է, ամերիկացիք գանդոն են: Եվրոպացիք էլ,- դառնացած ասաց Մարկոն:

- Ռուսները նույնպես,- որպես հետգրություն ավելացրի ես:

Իմաստուն Ծերուկը այդպես էլ ոչինչ չասաց:

Ծանոթագրություն
1. Մարկոն նկատի ունի Հաագայի դատարանի նախկին դատախազ Կառլա դել Պոնտեին:

 

* * *

 

6. մասնագիտությունը՝ պատերազմ

Այն վարպետությունը, որով Մարկոն կտրում էր իր համար օտար եւ ոչ բարեկամական երկրների սահմանները, ոչ մի կասկած չէր թողնում. դա կապված է նրա պրոֆեսիոնալ գործունեության հետ: Այս վարկածը ավելի էր հիմնավորվում զարտուղի ճանապարհների եւ հիմնական մայրուղիների նրա գերազանց իմացությամբ: Նա ոչ միայն գիտեր այդ ճանապարհները, այլեւ գիտեր, թե ինչ է կատարվում դրանցում, թե որտեղ է վտանգ սպասում մեզ, գիտեր, թե երբ կվերանա այդ վտանգը:

Մեր մեքենայի ընթացքը, որ հիմնականում վարում էր Մարկոյի վարորդ-թիկնապահը, երբեմն անտանելի կերպով դանդաղում էր, երբեմն մենք ուղղակի կանգնում էինք՝ սպասելով ինչ-որ բանի կամ ինչ-որ զանգի: Մարկոն թե՛ Հունաստանում, թե՛ Մակեդոնիայում օգնականներ ուներ, չնայած ես նրանցից ոչ ոքի չտեսա: Մոթելներում, սակայն, նրան ճանաչում էին, եւ նրա հայտնվելը ընկալվում էր որպես մի սովորական իրադարձություն: Մարկոն, իհարկե, կասկածելի տիպ է, բայց տարօրինակ էր, որ մեր համատեղ ճամփորդության ընթացքում իմ մտքով ոչ մի անգամ չանցավ, որ նա կարող է ինձ վատություն անել: Սա, ինչ խոսք, պայմանավորված էր նաեւ Իմաստուն Ծերուկի գործոնով, բայց Մարկոն հենց առաջին հայացքից ինձ վստահություն ներշնչեց. եթե դու թշնամի չես, կարող ես հանգիստ լինել:

Եւ այնուամենայնիվ, ինչո՞վ է զբաղվում այս մարդը: Տարբեր վարկածներ քննելով՝ կանգ առա զենքի առեւտրի վրա, ինչը ճիշտ դուրս եկավ: Մեր հետագա զրույցների ընթացքում Մարկոն դրանից մեծ գաղտնիք չսարքեց էլ: Նա չէր ուզում, որ ես մտածեմ, թե ինքը թմրանյութերի կամ մարդկանց առեւտրով է զբաղված: Ինչ վերաբերում է զենքի առեւտրին, դա բացատրում էր այսպես. «Պատերազմը իմ մասնագիտությունն է, եւ ես ձանձրանում եմ առանց վտանգի»:

Մարկոն ամուսնացած էր, 13 տարեկան դուստր ուներ, բայց մենք նրանց տանը չեղանք. այն գտնվում էր Սերբիայի հյուսիսում, իսկ մեր նպատակակետը մայրաքաղաք Բելգրադն էր, որտեղից պետք է ճանապարհեինք Իմաստուն Ծերուկին եւ որոշում կայացնեինք իր հետագա երթուղու մասին:
Այն միջավայրը, որի ներկայացուցիչն էր Մարկոն, ֆորմալ առումով Սերբիայում վաղուց էր զրկվել իշխանությունից, բայց չնայած սրան՝ իմ ուղեկիցը իրեն շատ վստահ էր զգում հայրենիքում: Սրա պերճախոս ապացույցը դարձավ այն, որ նա ինձ համար սերբական անձնագիր ձեռք բերեց՝ նոր անուն ազգանունով: Այս ընթացքում ինձնից պահանջվեց միայն լուսանկարվել, եւ շատ չանցած՝ ես արդեն Սերբիայի քաղաքացի էի՝ Բոյան անունով եւ եվրոպական գրեթե բոլոր երկրներ մուտքի հնարավորություն տվող վիզաներով: Մարկոն կատակեց, թե կարող եմ անգամ առաջիկա խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել եւ ձայն տալ իր ղեկավար-ընկերներին: Նա հույսեր էր կապում ընտրությունների հետ եւ փափագում էր, որ իսկական ազգային ուժերը նորից իրենց ձեռքը վերցնեն Սերբիայի ղեկը եւ իշխանությունից հեռացնեն Ամերիկայի «խամաճիկներին»:

Ես ուզում էի, որ Մարկոյի ցանկությունները իրականություն դառնան, եւ սա ինձ զարմացնում էր: Չէ՞ որ եթե Սերբիայում ապրեի, ես ու Մարկոն, մեծ հավանականությամբ, հակառակ քաղաքական ճամբարներում կլինեինք: Նա, իհարկե, կուսակցական բոս չէր, ոչ էլ օլիգարխ, բայց այդպիսի միջավայրի մարդ էր, երկրորդ պլանի, բայց ոչ երկրորդական դերակատար: Չնայած սրան, մեր հարաբերությունները շատ կարճ ժամանակում դարձան ընկերական, եւ ես, այդ հարաբերությունները չարաշահելով, մի անգամ նեղացրի Մարկոյին:

Մենք ճաշում էինք Դանուբի ափին գտնվող մեր հյուրանոցի ռեստորանում.

- Մարկո,- սկսեցի ես,- ուզում եմ քեզ մի բան հարցնել: Ուղղակի հետո ինձ չեմ ների, եթե չհարցնեմ:

- Հարցրու՝ տեսնենք:

- Տես՝ դու սիրում ես քո հայրենիքը, ասում ես, որ սիրում ես սերբերին, հանուն նրանց սպանել ես բազմաթիվ ալբանացիների եւ էլի ուրիշ ազգերի ներկայացուցիչների: Սա հասկանալի է. բայց ասա ինձ՝ եղե՞լ է այնպես, որ դու ինչ-որ նկատառումներով սպանես, դե, մի պատի տակ թրխկացնես կամ առեւանգես կամ խոշտանգես սերբերի...

Հարցը տալիս զգում էի, թե ինչպես է Մարկոյի դեմքի գույնն ու արտահայտությունը փոխվում: Նա վեր կացավ՝ ձեռքից գցելով պատառաքաղը եւ դանակը.

- Տղա, դու սադի՞ստ ես, թե՞ դատախազ,- ասաց նա ու դուրս եկավ ռեստորանից:

Ես անվրդով ավարտեցի ճաշս: Մարկոն ֆոյեում թերթ էր կարդում, ավելի ճիշտ՝ ձեւ էր անում, թե թերթ էր կարդում: Իմ հարցը տակնուվրա էր արել նրա հոգին, եւ այդ վիճակում հնարավոր չէր կարդալ:

- Ներիր ինձ, Մարկո,- նրան մոտենալով՝ ասացի ես,- ուղղակի ուզում եմ հասկանալ, ուզում եմ ինքս ինձ հասկանալ:

7. Պրոսպեկտով՝ Օպերա

Մարկոն ինձ մի ծառայություն էլ պետք է մատուցեր. պետք է այնպես աներ, որ Վիեննա թռչող օդանավի ճանապարհին Բելգրադի օդանավակայանի աշխատակիցները, մաքսավորները ինձ ոչ մի հարց չտային: Համաձայնեք, տարօրինակ կլիներ, եթե պարզվեր, որ Սերբիայի քաղաքացի Բոյանը չի տիրապետում մայրենի լեզվին: Բայց սա խնդիր չէր Մարկոյի համար. նա օդանավակայանի աշխատակիցներից ինձ համար ուղեկցորդ գտավ, եւ ես, իհարկե, բոլոր ստուգումները պատշաճ անցնելով, հասա «Ավստրիական ավիաուղիների» օդանավին:

Հրաժեշտից առաջ մենք ճաշել էինք, եւ երբ նա իմացավ, որ ուզում եմ Հայաստան վերադառնալ, բայց երկրի հակառակ կողմից, շշմեց.

- Չէ, քո ծալը հաստատ պակաս է,- ասաց նա:

Նման արտահայտություն Մարկոն մի անգամ էլ էր արել: Ես հետաքրքրվեցի, թե արդյոք Իմաստուն Ծերուկը խառն է զենքի առեւտրի գործերին.

- Չլինի՞ ուզում ես հոդված գրել:

- Կռահեցիր,- ասացի ես:

- Քո ծալը հաստատ պակաս է,- հառաչեց Մարկոն:

Դե, Մարկո, դե, ախպերս, ես քեզ շնորհակալության խոսքեր չեմ ասում, որովհետեւ դա չափից դուրս տափակ կհնչեր այս իրավիճակում: Ուղղակի ասում եմ՝ հաջողություն, ուղղակի ասում եմ՝ ի՛մ ախպեր: Մինչ այդ Մարկոն ինձ 10 հազար եվրո էր տվել, որ ես ընդունել էի առանց սեթեւեթանքի: Ասել էր նաեւ, որ Վիեննայում ինձ կդիմավորի Յոզեֆ անունով մի տղա: Ես ասում էի, որ դրա կարիքը չկա, որ ես կարող եմ առանց կողմնակի օգնության շարունակել ճանապարհորդությունս, չէ՞ որ փող ունեմ, Սերբիայի քաղաքացիություն, մաքուր կենսագրություն. «Շատ մի ոգեւորվիր, քո անձնագրի անուն ազգանունով մարդ իսկապես գոյություն ունի, եւ նրան շատ են ուզում տեսնել Հաագայի դատարանում»,- ծամածռվելով՝ ասաց Մարկոն: Մենք ծիծաղեցինք:

Ահա եւ օդանավը պոկվեց Սերբիայի հողից: Դիմացս բացված մոնիտորը ցույց է տալիս, թե ինչպես ենք մենք հեռանում Բելգրադից եւ մոտենում Վիեննային:

Այո, սա տարօրինակ եւ զարմանալի ճանապարհորդություն է եւ շատ ավելի հեշտ է դասավորվում, քան այն, ինչ մենք սովոր ենք ճանապարհորդություն համարել: Չէ՞ որ այդ սովորական ճանապարհորդությունները հազար ու մի բարդության հետ են կապված, հազար ու մի քաշքշուկի: Հարկավոր է դասավորել գործերը, դրամ հավաքել, դեսպանատների սառը պաշտոնյաներին ապացուցել, որ հաստատ վերադառնալու ես, հավաքել, դասավորել ճամպրուկները՝ որեւէ բան մոռանալու երկյուղը սրտիդ մեջ: Իսկ այս դեպքում անգամ հարազատներիդ հրաժեշտ չես տալիս, ուղղակի մեկնում ես՝ խանութ գնալու նման: Բայց մի՞թե սա կարելի է ճանապարհորդություն համարել: Գուցե սա իսկապե՞ս փախուստ է: Բայց ի՞նչ փախուստ, մի՞թե կարելի է Հայաստանից փախչել՝ Հայաստան գնալով: Չէ՞ որ ես գնում եմ Հայաստան՝ երկրի հակառակ կողմից: Բայց մի՞թե կարելի է ճանապարհորդություն համարել Երեւանի մի կետից մյուս կետը հասնելը: Չէ՞ որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ: Ճիշտ է, կա ավելի կարճ ճանապարհ, բայց ո՞վ կարող է պնդել, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է, ո՞վ կարող է պնդել

 

(մաս վեցերորդ)
8. մի շիշ «Ստոլիչնայա»

Յոզեֆը բանկիր էր եւ թերեւս վարում է նաեւ Մարկոյի բանկային գործերը. այստեղից էլ նրանց ծանոթությունը: Քիչ մնաց Վիեննայի օդանավակայանում մենք իրար չգտնենք: Դիմավորողների բռնած ցուցանակների վրա իմ անունը չգտա: Ու երբ արդեն մտածում էի, որ Յոզեֆը ուղղակի չի եկել, հիշեցի հանկարծ, որ ես, ախր, նոր անուն ունեմ: Բոյան անունով եւ անձնագրիս մեջ գրված ազգանունով ցուցանակը ձեռքին կանգնած էր մի երիտասարդ. Յոզեֆն էր: Ես ներողություն խնդրեցի նրանից՝ ասելով, որ ուշադիր չեմ եղել ցուցանակները կարդալիս եւ սարսափով հիշեցի այն ճանապարհը, որ անցել էի օդանավից սպասասրահ գալիս: Փառք Աստծո, որ անցակետում ոչ ոք անունս չի հարցրել, թե չէ՝ իսկական անունս կտայի:

Յոզեֆին խնդրեցի ինձ տանել Վիեննայի կենտրոնական մասերում գտնվող մի հյուրանոց: Ճանապարհին մտքումս անընդհատ կրկնում էի նոր անուն ազգանունս, որպեսզի տպավորվի: Տեղավորվեցի մի շատ լավ հյուրանոցում, հետո ֆոյեում Յոզեֆի հետ էսպրեսո խմեցինք, մի քիչ խոսեցինք դեսից-դենից, հետո նա, թողնելով իր հեռախոսների համարները, գնաց իր գործերով: Ասաց, որ հաջորդ օրը կեսօրին կգա: Բարձրացա սենյակ: Դեռ առավոտյան 11.30 էր: Որոշեցի մի քիչ քնել: Արթնացա ժամը 15-ի կողմերը, միացրի «Եվրանյուզը». Հայաստանի մասին ոչինչ չկար: Իջա ինտերնետ ակումբ, կրկնակի էսպրեսո պատվիրեցի եւ սկսեցի կարդալ հայաստանյան թերթերը, որ արտակարգ դրության ավարտից հետո սկսել էին լույս տեսնել: Հոդվածս, որ ուղարկել էի ընդհատակյա ինտերնետային թերթին, տպագրվել էր նաեւ «ՀԺ»-ում, ուրեմն կարելի էր նորերը գրել:
Գրպանիցս հանեցի «ֆլեշս», որի մեջ ինձ պետքական այլ բաների շարքում նաեւ «ԿԴՒին» ծրագիր կար եւ հայերեն տառատեսակ: Մի հոդված գրեցի, ուղարկեցի ընդհատակյա թերթին ու զգացի, որ կարոտել եմ Հայաստանը: Թե ինչ էր պետք անել, պարզից էլ պարզ էր. մոտակայքում մի սուպերմարկետ գտա: Ցուցափեղկերում փնտրում եմ, փնտրում ու չեմ գտնում ռուսական օղի: Ստիպված եմ հարցնել. սուպերմարկետի աշխատակցուհին ինձ ուղեկցում է մի բարձր ցուցափեղկի մոտ, որի ամենավերեւի փեղկի վրա ցույց է տալիս տարբեր շշերի արանքում կուչ եկած մի շիշ «Ստոլիչնայա» օղի: Ձեռքի շարժումով պատվիրում եմ իջեցնել: Սուպերմարկետի բանվորը մի երկար աստիճան է բերում եւ իջեցնում կես լիտրանոց շիշը:

Արարողության մասնակիցները ինձ նայում են շնորհավորող հայացքներով. պատճառը խիստ օրիգինալ գնումն է: Այստեղի սուպերմարկետներից գրեթե ոչ ոք ռուսական օղի չի գնում: Վիեննա այցելած ռուսներն էլ իրենց անհրաժեշտ օղին խմում են բարերում կամ ռեստորաններում կամ էլ ուղղակի բերում են իրենց հետ:

Օղի հայտնաբերելուց հետո գնեցի նաեւ չորս հատ կարտոֆիլ, մի գլուխ սոխ, մի հատ ինչ-որ ապխտած ձուկ, երկու հատ վարունգ, երկու հատ լոլիկ, երկու շիշ գարեջուր, հաց: Այստեղ նորմալ պանիր փնտրելը անիմաստ է անգամ, փոխարենը գնեցի խոստումնալից տեսքով պղպեղ, որը պետք է որ իմ ուզածի չափ կծու լիներ: Վերադարձա սենյակ, մինի-բարից մի երկու բան հանեցի, դրա փոխարեն դրեցի իմ բերած օղին ու գարեջուրը: Զանգեցի ռեստորան, խնդրեցի մատուցարանի վրա սպասք բերել. մի քանի ափսե, դանակ, պատառաքաղ, բաժակ: Լվացի վարունգը, լոլիկը, կարտոֆիլը, պղպեղը: Մատուցարանը բերեց 20-22 տարեկան մի պատանի՝ Գյունտերը: Աչքերի արտահայտությունից զգացի, որ ֆաշիստ է: Ես նրան տվեցի լվացած կարտոֆիլը, խնդրեցի 15 րոպե ջրով եռացնել միկրոալիքային վառարանի մեջ կամ ուղղակի սալիկի վրա ու բերել: Հատուկ զգուշացրի՝ չկլպել: Մինչ նա կվերադառնար, ամեն ինչ կտրտեցի, սոխը բաժանեցի չորս մասի, մինի-բարից հանեցի օղին, որ արդեն ահագին սառել էր, գարեջուրը խանութում էլ արդեն սառն էր: Վիսկիի բաժակը կիսով չափ օղի լցրի, բաժակը բարձրացրի՝ մեր հող ու ջրի կենացը, ասացի, խմեցի, մի կտոր ձուկ վերցրի, հետո՝ սոխ, հետո՝ հաց, կերա, գարեջրի շիշը քաշեցի գլխիս: Քեֆս լավ է: Դուռը ծեծում են: Գյունտերն է: Կարտոֆիլն է բերել: Էս ո՞վ է գալիս. արի, ընկեր ջան, արի, ախպեր ջան, մենք պետք է իրար հետ խմենք մի բաժակ:

- Ւե մուստ դրինկ տոգետհեր: Յոու անդ մե. Տհատ իս Րուսսիան վոդկա,- ասում եմ ես ու վերցնում շիշը:

- Ոչ, ոչ, ես ծառայության մեջ եմ, ինձ չի կարելի:

- Դու կհրաժարվես ռուսական օղո՞ւց. մի՞թե Ավստրիան մոռացել է դարավոր թշնամիներին, մի՞թե Ավստրիան ներել է նրանց, մի՞թե Ավստրիան այլեւս չկա: Դուք օղի չխմեցիք եւ դրա համար չկարողացաք հաղթել ռուսներին: Մի՞թե կարելի է ռոմով ու շնապսով հաղթել նրանց, ովքեր սպիրտ են խմում:

Որքան էլ զարմանալի է, իմ ճառը ազդեց պատանու վրա: Ես դարձյալ կիսով չափ լցրի վիսկիի մյուս բաժակը, իմը նույնպես, իր բաժակը տվեցի իրեն, զգուշացրի, որ մինչեւ վերջ խմի, բաժակս խփեցի բաժակին ու ասացի. «Բարձր ռասայի կենացը»: Գյունտերը մինչեւ վերջ խմում է, ես նույնպես: Նրան սոխ ուտեցնելու իմ բոլոր փորձերը ապարդյուն են անցնում: Նա ուզում է գնալ. ես նրան 10 եվրո եմ տալիս եւ պատվիրում 15 րոպեից գալ՝ մատուցարանը տանելու:

15 րոպեից Գյունտերը գալիս է, մենք մի-մի բաժակ էլ ենք քցում: Նա հավաքում է մատուցարանը, ես նրան եւս 10 եվրո եմ տալիս եւ հայերեն ասում. «Կամաց կքշես»: Գյունտերը գնում է, ես փռվում եմ մահճակալին:

Լուսաբացին արթնացա գլխիս տրոփյունից, որը ուր որ է կբացվի իմ ձեռքով քառատված գլուխ սոխի նման: Մի կերպ թեքվեցի, վերցրի հեռախոսի ընկալուչը, սեղմեցի 0 կոճակը.

- Գլխացավի դեղ խնդրում եմ: Կրկնակի դոզա: Դուք ինքներդ բացեք դուռը, ես չեմ կարող վեր կենալ:

Մի քանի րոպեից ինչ-որ մեկը ափի մեջ փռած անձեռոցիկի վրա ինձ է մատուցում երկու դեղահաբ՝ մյուս ձեռքին մի բաժակ ջուր բռնած: Ես կուլ տվեցի հաբերը եւ նորից վայր ընկա մահճակալի վրա: Ինչ-որ ժամանակ անց նորից արթնացա. գլխացավը նահանջել էր, բայց չէր հանձնվել, այն կարծես երկխոսություն էր սկսել տրոփյունից թմրած գլխիս հետ՝ նրա մեջ մնալու համակեցության
հնարավորություններ գտնելու ձգտումով:

Ցավը հիմա տանելի էր, բայց նրան տանելի էր դարձնում միայն իմ նախընթաց տառապանքի հուշը: Շուտով այն կմարեր, եւ ցավը կդառնար նույնքան անտանելի:

Վեր կացա, տրամվայի սպասողի դիրքով կանգնեցի տաք ցնցուղի տակ: Եւ ցավը քանդվեց, հոսեց, կոյուղին լցվեց՝ քթիցս ծորացող արյան հետ: Հագնվեցի, իջա ֆոյե...

- Էսպրեսո, խնդրում եմ: Կրկնակի, խնդրում եմ: Ռոմով, խնդրում եմ:

Մի՞թե ես պետք է նկարագրեմ այս հյուրանոցի ֆոյեն: Բազմաթիվ հեղինակներ հենց այդպես էլ կվարվեին. կնկարագրեին ոսկեգույն բազրիքներն ու բռնակները, վերելակի մեծ հայելիները եւ ոսկեգույն պատերը, կողք կողքի շարված հուշանվերային խանութները՝ հիմար գներով: Բայց արդյո՞ք այդ նկարագրությունը մեր պատմությանը որեւէ նոր իմաստ է տալիս: Մի՞թե մեր պատմությանը անհրաժեշտ է Վիեննայի՝ զզվելիության չափ «կազմակերպված» այդ քաղաքի նկարագրությունը, որտեղ անգամ թուփը աճում է հաստատված նախագծի եւ ժամանակացույցի համաձայն: Չեմ պատրաստվում ընթերցողին ձանձրացնել այսպիսի նկարագրություններով, մանավանդ որ ամեն թփի ճշգրիտ նկարագրությունը ինձ հետապնդողներին դուրս կբերի ճշգրիտ հետքի վրա. այսպիսին են Վիեննայի թփերը: 

(մաս 7-րդ)
9.մահապատիժ Վիեննայում

Երբ արդեն երկրորդ կրկնակի էսպրեսոն էի խմում, եկավ Յոզեֆը: Նա այլայլված տեսք ուներ.
-Ես պրոբլեմներ ունեմ, ինձ հետապնդում են, իմ դեմ քրեական գործ է հարուցված,-շտապելով ասաց նա:
Ապա պատմեց, որ երբ առավոտյան աչքերը բացել է, տեսել է իր նընջասենյակի բազկաթոռին  նստած, անվրդով թերթ կարդացող (դա «Վիներ Ցայտունգ» էր եղել) մի մարդու, որի սեւ վերարկուն եւ ցիլինդրը նետված են եղել իր մահճակալի վրա: Երբ այցելուն զգացել է, որ Յոզեֆը արթնացել է, ծալել է թերթը եւ նրան դիմել մի շատ տարօրինակ հարցով.

-Ի՞նչ եք կարծում, ճիշտ կանեն, եթե Ուկրաինային եւ Վրաստանին ՆԱՏՕ ընդունեն:

Յոզեֆը, բնականաբար, պարզաբանում է պահանջել լկտի կերպով իր բնակարան ներխուժելու կապակցությամբ, եւ սպառնացել է բողոքել: Այցելուն սակայն չի շփոթվել եւ բացատրել է, որ ինքը այդտեղ գտնվելու իշխանություն եւ լիազորություն ունի.

-Եթե չունենայի այստեղ չէի գտնվի,- ասել է նա:

Անծանոթը նաեւ Յոզեֆին տեղեկացրել է, որ ինքը ձերբակալված է եւ որ հավելյալ պարզաբանումներ նա կստանա Հիմնարկում, ուր եւ իրենք  անհապաղ պիտի մեկնեն: Խորհրդավոր այցելուն զգուշացրել էր նաեւ, որ դիմադրությունն ավելորդ է, քանի որ ինքը մենակ չէ: Եւ իրոք ննջասենյակից դուրս գալով Յոզեֆը նախասրահում տեսել էր թղթախաղով զբաղված երեք հոգու, որոնք հագնված էին եղել առաջին անծանոթի նման:

Անծանոթը հրաժարվել էր Յոզեֆին ննջարանում մենակ թողնել՝ հագնվելու համար: Ավելին, նրան ուղեկցել էր անգամ զուգարան: Ու մինչ Յոզեֆը նստած էր եղել զուգարանակոնքին, անծանոթը հենց նրա մոտ պատին հենված շարունակել էր «Վիներ Ցայտունգի» ընթերցումը: Միայն մեկ անգամ թերթից կտրվելով Յոզեֆին ասել էր.

-Երեւում է, երեկ «ՄցԴոնալդս»-ում եք սնվել:

Ի վերջո սպիտակ լիմուզինով Յոզեֆին տարել էին Վիեննայից դուրս գտնվող մի բարձրահարկ շենք, որի մուտքի ցուցանակի վրա գրված էր եղել ընդամենը մեկ բառ՝ Հիմնարկ:

Յոզեֆին հրահանգել են սպասել մի երկար ու նեղ միջանցքում, որտեղ ոչ ոք չի եղել, բացի հատակը շարունակ մաքրող մի ալեխառն ծերունուց: Հետո նրան տարել են մի դահլիճ, որը լեփ լեցուն է եղել, իսկ բեմի վրա նստած են եղել 9 հոգի՝ դատավորի պատմուճաններով: Յոզեֆին նստեցրել են մեղադրյալի աթոռին, իսկ բեմի կենտրոնում նստած մարդը ոտքի է կանգնել եւ հայտարարել.

-Քաղաքացի Յոզեֆ, ձեր դեմ քրեական գործ է հարուցված քանի որ դուք հանցագործ եք: Դուք ձերբակալված եք: Որեւէ բան ունեք ասելու Հիմնարկին:

Յոզեֆը մի կերպ հաղթահարել էր շփոթվածությունը, ոտքի կանգնել եւ ասել.

-Ես ոչ մի հանցանք չեմ գործել…

Այս հայտարարությունից հետո մի անասելի քրքիջ էր պայթել դահլիճում: Առաջին շարքերում նստածները ծիծաղից փորները բռնած սկսել էին գետնին թավալվել: Նույնը տեղի էր ունեցել նաեւ բեմի վրա ձախից առաջինը նստած մարդու հետ, որը ի տարբերություն մյուսների 10 րոպեից էլ չէր հանգստացել եւ երբ նրան պատգարակի վրա դուրս էին տարել, նա շարունակել էր ցնցվել, ապա կծկվել եւ ամուր բռնել փորը: Ի վերջո ներկաները ընդունել էին նախկին լուրջ տեսքը եւ Յոզեֆը շարունակել էր.

-Ես ուզում եմ իմանալ, թե ինձ ինչում են մեղադրում:

Բեմի կենտրոնում նստածը մի պահ խոժոռվել էր, բայց պատասխանել էր հանգիստ.

-Ձեր մեղադրանքը դեռ ձեւակերպված չէ, այն գտնվում է ձեւակերպման փուլում, եւ մենք չենք կարող ձեզ նախաքննության գաղտնիքներ հայտնել: Ձեր հանցանքը նախաքննության գաղտնիք է հանդիսանում:

-Ես գոնե կարո«ղ եմ իմանալ, թե ինչ օրենք եմ խախտել,-համառել էր Յոզեֆը:

-Դա ձեր սրբազան իրավունքն է, եւ ես պաշտոնապես ձեզ հայտնում եմ, որ դուք խախտել եք Ավստրիայի հանրապետության թիվ 865 գաղտնի օրենքի 306, 212, 224 հոդվածները, բայց ես ձեզ չեմ կարող ասել, թե դրանք ինչի մասին են, որովհետեւ, ինչպես նշեցի, դրանք գաղտնի օրենքի գաղտնի հոդվածներ են,- ասել էր կենտրոնում նստածը:

Յոզեֆը հուսահատ փռվել էր մեղեդրյալ աթոռին:

-Դատավարությունը, միայն դատավարությունը կորոշի, թե դուք ինչպիսի որոշման եք արժանի,-ասել էր կոնտրոնում նստածը, ինչին հետեւել էին դահլիճում ներկաների բուռն, հոտնկայս ծափահարությունները, որոնք ուղեկցվել էին «Բռավո» եւ այս կարգի այլ գոչյուններով:

Ի վերջո, բեմում նստածները ետեւի դռնով դուրս էին եկել դահլիճից, հանդիսականներն էլ հեռացել էին կողքի դռնից: Յոզեֆը դահլիճում մնացել էր մեն մենակ: Որոշ ժամանակ այդտեղ մնալուց հետո նա դուրս էր եկել միջանցք, որտեղ էլի ոչ ոք չէր եղել՝ բացի հատակը շարունակ մաքրող ալեխառն ծերունուց: Վերջինս հասնելով  Յոզեֆին ասել էր «Քեզ պատրաստվում են գնդակահարել, այնպես որ ավարտիր կիսատ գործերդ»:

Ծերունին ոչ մի հարցի չէր պատասխանել, Յոզեֆն էլ մի կերպ գտել էր ելքը ու դուսր եկել շենքից եւ նկատել էր, որ մուտքի մոտ այլեւս չկա «Հիմնարկ» գրությամբ ցուցանակը:

Այս պատմությունը ինձ շատ զարմացրեց, չնայած ահագին ծանոթ թվաց: Մի փոքր մտածելուց հետո ես Յոզեֆին ասացի, որ նա պետք է փաստաբան վարձի:

-Ես արդեն դա արել եմ. քեռուս հին ծանոթը փաստաբան է, նա խոստացավ իմ մեղադրանքի մասին մի բան պարզելու փորձ անել, չնայած ասաց, որ այնքան էլ հեշտ չէ բան իմանալ Հիմնարկից:

-Իսկ ի՞նչ է այդ Հիմնարկը, ի՞նչ է իրենից ներկայացնում,-հարցրի ես:

-Չգիտեմ, փաստաբանս էլ ոչինչ չասաց:

-Իսկ միգուցե ոստիկանություն դիմես, իրավապաշտպաններին, մամուլին, ի վերջո:

-Փաստաբանս խորհուրդ չտվեց: Ասում է, որ դա գործին չի օգնի, միայն կզայրացնի Հիմնարկին: Փաստաբանս ասում է, որ լավագույն ելքը մեղքը ընդունելն է ու ներում հայցելը:

-Բայց դու իսկապե՞ս ինչ որ հանցանք գործել ես:

-Ոչ, բայց գուցե իրո՞ք չարժե զայրացնել հիմնարկին:

-Դա շատ պատասխանատու հարց է, ես չեմ կարող քեզ նման խորհոիրդ տալ: Իսկ գուցե դա կապված է Մարկոյի հետ:

-Ես չգիտեմ ինձ ինչի մեջ են մեղադրում, ես գիետմ, որ հանցանք չեմ գործել,-հուսահատ ասաց Յոզեֆը եւ ինձ մեկնեց մի ծրար,- խնդրում եմ քեզ, եթե ինձ որեւէ բան պատահի, եթե ես կենդանի չլինեմ, այս ծրարը հասցրու Լոզան Համաեվրոպական Հիմնարկ, հասցեն գրված է ծրարի վրա:

Ես վերցրի ծրարը. դրա վրա խոշոր տառերով գրված էր՝ Բողոք:

-Եթե քեզ պետք է, ես ծրարը իհարկե, Լոզան կհասցնեմ: Բայց ի՞նչ իմաստ ունի բողոքելը, եթե, ինչպես դու ես ասում, դա պետք է անել միայն այն դեպքում, երբ դու կենդանի չլինես,-զարմացա ես:

-Ընթացակարգն է այդպիսին,-հառաչեց Յոզեֆը,-իմ փաստաբանը հիվանդ է, անկողնուն գամված, եւ չի կարո ինքը անհրաժեշտության դեպքում Բողոքը Լոզան հասցնլ: Իսկ Հիմնարկի հետ ունեցած գործերով պատրաստի բողոք ունենալը եւ վստահ լինելը, որ մահապատժի իրագործման դեպքում այն արագ Լոզան կհասնի, ըստ իմ փաստաբանի, ամենակարեւորն է: Ես մտածեցի, որ դու միեւնույն է պետք է դեպի Արեւմուտք շարժվես. եւ քեզ դժվար չի լինի բողոքը տանել:

-Ինչ խոսք ինձ համար դժվար չէ: Բայց ի՞նչու ես դու անընդհատ մահապատժի մասին խոսում, մի՞թե մի ցնդած հավաքարարի ասածը հիմք է քեզ համար,-սչտնեղեցի ես:

Յոզեֆը սարսափած նայեց ուղիղ աչքերիս մեջ:

-Փաստաբանս էլ հաստատեց, որ Հիմնարկի գործերը երկու ելք կարող են ունենալ. ներում կամ մահապատիժ: Որոշումները ուժի մեջ են մտնում եւ իրագործվում են անհապաղ:

Ես չգիտեի ինչ ասել: Յոզեֆի պատմածը ինձ ցնորք էր թվում, հրեշավոր թյուրիմացություն:Նա նույնպես հույս ուներ, որ այդ ամենը թյուրիմացություն է եւ այս է պատճառը, որ մերժեց միասին Ավստրիայից հեռանալու առաջարկս.

-Ես պետք է մնամ եւ պարզեմ, թե ինչ է կատարվում, դու միայն խնդրում եմ չմոռանաս իմ բողոքի մասին:

-Բայց ես ինչպե՞ս կիմանամ, եթե քեզ Աստված չանի, որեւէ բան պատահի:

-Եթե ես վաղը չգամ կամ չզանգեմ, կամ հաղորդագրություն չթողնեմ, մեկնիր Լոզան,- ասաց Յոզեֆը եւ ոտքի կանգնեց,-ես պետք է գնամ:

-Յոզեֆ, ես համոզված եմ, որ թյուրիմացությունը կհարթվի,-փորձեցի նրան սրտապնդել:

-Հուսանք, հուսանք,-դառնացած ասաց նա, ու հեռացավ:

Բարձրացա սենյակ, Յոզեֆի բողոքը դրեցի պահախցի մեջ: Անսպասելի մի միտք անցավ գլխովս.«Ուզում եմ Դանուբը տեսնել»:

-Ուզում եմ Դանուբը տեսնել,- իմ միտքը կրկնեցի ես:

Իսկապես ուզում էի տեսնել Դանուբը, եւ դա Յոզեֆի հետ ունեցած խոսակցության ծանր տպավորության հաղթահարման միակ հնարը թվաց ինձ:

-Ինչպես կարող եմ Դանուբի ափին հայտնվել,- հարցրի հյուրանոցի աշխատակցին:

-Դուք պետք է հյուրանոցի դիմացի փողոցով գնաք դեպի ձախ:

-Իսկ հեռո՞ւ է, կարո՞ղ եմ քայլելով գնալ:

-Այո, բայց պետք է մոտ 20 րոպե քայլեք:

Դա իսկական փրկություն կլինի. 20 րոպե քայլքի արդյունքը կլինի այն, որ ակնհայտ կդառնա Յոզեֆի պատմածների ցնորք լինելը: Նման բան չի կարող լինել, այն էլ Եվրոպայի կենտրոնում:

20 րոպե քայլեցի, Դանուբը չկա: Եւս 10 րոպե՝ էլի չկա:

-Ներեցեք հեռո՞ւ է այստեղից Դանուբը, կարո՞ղ եմ ոտքով հասնել,-հարցնում եմ մի պատահական անցորդի:

-Այնքան էլ հեռու չէ, եթե ուզում եք ոտքով գնալ, պետք է մոտ 20 րոպե քայլեք: Այս փողոցով ուղիղ շարունակեք ճանապարհը:

Լավ, քայլելը չի խանգարի: Քայլում եմ եւս 20+10 րոպե, իսկ Դանուբը չկա: Էլի դիմում եմ մի պատահական անցորդի: Ընթերցողը սա գեղարվեստական տրյուկ կհամարի, բայց սա ճշմարտություն է, եւ այդ հերթական պատահական անցորդը տվեց բառացիորեն նույն պատասխանը իմ՝ բառացիորեն նույն հարցին: Քայլեցի եւս 20+10 րոպե եւ արդեն ժամուկես չեմ կարողանում անցնել այդ 20 րոպեանոց անիծյալ ճանապարհը:

Հերթական պատահական անցորդը ավելի բարի գտնվեց. նա հորդորեց տաքսի նստել: Այդպես էլ արեցի, որովհետեւ այլեւս ի վիճակի չէի քայլել: Բայց այդ անիծյալ տաքսին ընդամենը րոպեուկես հետո կանգ առավ Դանուբի ափին.

-Ահա Դանուբը,- հպարտությամբ ասաց վարորդը:

Իսկ Դանուբը իսկապես գեղանի էր: Ճիշտ է Բելգրադում այն շատ ավելի մեծ էր եւ շատ ավելի հզոր, բայց այստեղ էր նա ձեռք բերում իր հանդարտությունը, հանգստությունը, խաղաղությունը: Խռովքի եւ հանդարտության ինչպիսի զուգադրում…

Մոտ կես ժամ կանգնեցի Դանուբի ափին, հիացա նրանով, մի անցորդի խնդրեցի ինձ լուսանկարել Դանուբի հետ, հիշեցի Մարկոյին, որը գուցե հիմա նույնպես կանգնած էր Դանուբի ափին: Արդեն սկսում էր մթնել եւ որոշեցի վերադառնալ հյուրանոց, բնականաբար տաքսիով: Ոտքերս նվվում էին, փռվել էի սենյակիս բազկաթոռին, ու հեռուստացույցիս ալիքներն էի փոխում:Յոզեֆն է, այո Յոզեֆն է. նրա լուսանկարը ցույց են տալիս հեռուստացույցով, ապա ինչ որ կադրեր՝ կրակոցներից ծակծկված ավտոմեքենա՝ Յոզեֆի ավտոմեքենան է, եւ նրա մեջ անշարժ ընկած մի մարմին՝ Յոզեֆն է:

Հաղորդումը գերմաներեն է, եւ ոչինչ չեմ հասկանում, չնայած՝ առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի է՝ մահապատիժն ի կատար է ածվել: Ես շոկի մեջ եմ. միթե այս ամենը իրականություն է, միթե այս ամենը իսկապես տեղի է ունեցել: Բողոքը: Ես խոստացել եմ այն Լոզան հասցնել: Զանգում եմ հյուրանոցի ընդունարան.

-Խնդրում եմ ճշտել՝ ինչպես կարող եմ շուտափույթ մեկնել Լոզան:

Մոտ տասը րոպեից հնչում է հեռախոսի զանգը:

-Լոզան կարող եք մեկնել երկու ժամից գնացքով…

-Խնդրում եմ մի տեղանոց կուպե պատվիրեք, պատրաստեք իմ հաշիվը, տաքսի կանչեք. ես մեկնում եմ:

Երբ իջա ֆոյե, հենց նոր բերել էին երեկոյան անգլերեն թերթերը: Այնտեղ փոքր լուր կար Յոզեֆի նկարով: Գրված էր, որ նրան գնդակահարել են ոստիկանները, իրենց հրահանգներին չենթարկվելու եւ զինված դիմադրության փորձի համար:

Հաջորդ օրը երեկոյան մոտ Լոզանում էի: Գնացքից իջնելով միանգամից տաքսի նստեցի եւ ցույց տվեցի ծրարի վրայի հասցեն: Դա հենց փողոցի վրա բացվող մի դուռ էր, սեղմեցի զանգի կոճակը: Դուռը բացեց տարիքավոր մի մարդ: Ասացի, որ բողոք եմ բերել. մարդը ինձ ներս հրավիրեց, ուղեկցեց մինչեւ նախասրահ, որտեղ սարսափազդու պատկերներով նկարներ էին կախված՝ մեծ նկարներ: Ես նստեցի բազմաթիվ բազկաթոռներից մեկի վրա: Հինգ րոպեից ներս մտավ մոտ հիսուն տարեկան, բայց շատ գրավիչ տեսք ունեցող մի կին: Նա հագնված էր ճաշակով, բայց պաշտոնական, չնայած հոգ էր տարել, որ վերնաշապիկի վերին կոճակները չկոճկված լինեն, այնպես որ կրծքի կեսը երեւա. դա ամենեւին էլ հիսուն տարեկանի կուրծք չէր եւ կոնտրաստը ավելի նկատելի էր դառնում մուգ շագանակագույն նրա կոստյումի ֆոնին:

Ես նրան հանձնեցի ծրարը՝ առանց որեւէ բան ասելու: Նա բացեց ծրարը, հանեց այնտեղ գտնվող թուղթը մի հայացք գցեց նրա վրա, ապա դիմեց ինձ.

-Շատ օպերատիվ եք աշխատում. եթե չեմ սխալվում, նրան միայն երեկ են գնդակահարել: Դուք լավ փաստաբան եք երեւում:

-Ես նրա փաստաբանը չեմ, ընդամենը սուրհանդակ:

-Միեւնույն էգովելի է: Որեւէ բան կխմեք:

-Ոչ շնորհակալություն, ինձ դրսում մեքենա է սպասում: Բայց եթե թույլ կտաք, ես ուզում եմ մի հարց տալ:

-Խնդրեմ:

-Յոզեֆը ինչ որ գաղտնի օրենքի գաղտնի հոդվածներ խախտելու համար է մահապատժի ենթարկվել:

-Այո, միանգաման ճիշտ եք:

-Բայց նա ինչպես կարող էր իմանալ մի օրենքի մասին, եթե այն գաղտնի է:

Կինը մի տեսակ ձգվեց.

-Օրենքի չիմացությունը, երիտասարդ, որեւէ մեկին չի ազատում նրա առաջ ունեցած պատասխանատվությունից,-ասաց նա:

 Նրա հայացքում անհողդողդություն հայտնվեց, ես նույնպես նման արտահայտություն տվեցի իմ դեմքին: Առանց հրաժեշտ տալու շրջվեցի, դուրս եկա այդ անիծյալ հիմնարկից, նստեցի ինձ սպասող տաքսին.

-Տարեք ինձ որեւէ հյուրանոց,- ասացի ես:

(շարունակելի) 

Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

Պողոս Պետրոսի նկարը
Պողոս Պետրոս 34 շաբաթ 3 օր առաջ – Աջակցվել է 34 շաբաթ 3 օր առաջ payqar.org
[World]  

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA