ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ՇՈՒՐՋԵՐԿՐՅԱ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10.մղձավանջ եւ անուրջներ Լոզանում
Ես իզուր հրաժարվեցի որեւէ բան խմելու՝ այդ խստաբարո տիկնոջ առաջարկից: Մի բաժակ վիսկի կխնդրեի. եվրոպացիք սիրում են հաստ պատերով բաժակով վիսկի խմել: Կասկած չկա, որ հենց այդպիսի բաժակով վիսկի կբերեին ինձ: Հաստատ «Ջեկ Դենիելս» կլիներ, որից զզվում եմ: Բայց եթե անգամ «Գրին լեյբլ» լիներ, մի կում կանեի, բթացնող ժպիտով կնայեի տիկնոջը, ու նրա պատասխան ժպիտը կկասեցնեի՝ բաժակը քներակին զարկելով:
Ահա նա ընկած է անակնկալ հարվածից: Մահվան դատավճիռը կայացված է: Այդ վճիռը ես եմ կայացրել: Տիկինը, ի՞նչ տիկին, այդ պոռնկուհին խախտել է օրենքըս, մի գաղտնի օրենք, որի գոյության մասին ոչ ինքը գիտեր եւ ոչ էլ, առավելեւս՝ ես: Իսկ ո՞վ կարող է պնդել, որ դատավճիռն օրինական չէ: Բազմաթիվ գաղտնի օրենսգրքերից որեւէ մեկի գաղտնի էջերից որեւէ մեկի գաղտնի տեքստում կլինի մի գաղտնի նախադասություն, որ ինձ իրավունք է տալիս մահապատժի ենթարկել այս պոռնկուհուն: Նա չգիտեր այդ մասին, բայց մի՞թե օրենքի չիմացությունը որեւէ մեկին ազատում է նրա առաջ ունեցած պատասխանատվությունից: Մահապատիժ՝ գլուխը հատակին սվաղելու եղանակով: Ահա, վերցնում եմ սեղանի վրա դրված բրոնզե տակդիրով ալպյան գրանիտի ծանր կտորը, եւ ի կատար ածում դատավճիռը: Ձեռքերս արյունի մեջ են, դեմքս կռկվում է պոռնկուհու մակարդվող արյան ճնշումից, նրա ուղեղը լավայի հանդարտությամբ հոսում է մանրահատակի վրայով: Ես բղավում եմ ամենասրտագին հայհոյանքներ.
-Հայրիկ, այդ ի՞նչ է պատահել:
Այդ ձայնը ինձ մեխում է տեղում: Չեմ կարող շրջվել, ձեռքերս ու դեմքս արյան մեջ են: Չեմ կարող շարժվել, մարմնովս փակում եմ այդ խստաբարո տիկնոջ ջնջխված գլուխը.
-Ոչինչ չի պատահել, աղջիկս: Այս տիկինը վատ է զգում ուղղակի: Միջանցքի վերջում մի մարդ կա նստած: Գնա, ասա նրան թող բժիշկ կանչի:
Լսում եմ նրա հեռացող ոտնաձայները:
-Տիկին, վեր կացեք, տիկին: Խնդրում եմ, տիկին, արթնացեք տիկին, խղճացեք ինձ տիկին, մի սպանեք ինձ տիկին...
Ես ցնցում եմ նրան, փորձում եմ արթնացնել, հավաքում եմ մանրահատակի վրա հոսող նա ուղեղը եւ փորձում ետ լցնել նրա գանգի մեջ: Ես հեկեկում եմ անզորությունից, հեկեկում եմ հուսահատ: Բղավում եմ՝ շփոթված: Թիկունքիցս մի տղամարդու ձայն եմ լսում:
-Այո, սպանությունը նման է արտաամուսնական սեքսի: Դրա ընթացքը անասելի հաճույք է պատճառում, իսկ երբ ամեն ինչ ավարտված է, սկսում է տանջել մեղքի ու զղջումի զգացողությունը:
Պատից կախված սարսափազդու նկարներից մեկն էր ինձ հետ խոսում.
-Բայց դու մի նահանջիր, չէ՞ որ դու արդարադատություն իրականացրիր, չէ՞ որ դու Յոզեֆի վրեժը լուծեցիր: Բացատրիր դստերդ եւ նա ամեն ինչ կհասկանա, նա կարդարացնի...
-Ձայնդ կտրիր,-ասացի ես առանց շրջվելու,-չեմ ուզում, որ նա այս ամենը հասկանա, չեմ ուզում, որ նա արդարացնի որեւէ սպանություն...
-Դու թույլիկ ես...
Ես շրջվեցի՝ նկարից ինձ էր նայում Ամենայն հայոց կաթողիկոսը, «Մերսեդեսի» բանալիները մատին պտտեցնելով...
Արթնացա քափ քրտինքի մեջ. Լոզանում եմ, հյուրանոցի իմ համարի մահճակալին փռված:
Վեր կացա, լվացվեցի, սուրճ պատվիրեցի: Հարկավոր է զանգել Մարկոյին: Գրպաններումս փնտրում-գտնում եմ նրա համարը:
-Մարկո բարեւ, ես եմ: Յոզեֆին սպանել են:
-Գիտեմ, արդեն լսել եմ...
-Իսկ դա քեզ հետ որեւէ կապ ունի՞, դե, քո գործերի հետ:
-Չէ, ոչ մի կապ: Ես էլ մտածում էի քեզ հետ է կապված:
-Ինձ հետ էլ կապված չէ, գիտեի, որ քեզ հետ էլ կապ չունի, ուղղակի համոզվելու համար հարցրի: Դա մի անհավատալի պատմություն է: Յոզեֆին սպանածներից մեկի տեղն էլ գիտեմ, այստեղ՝ Լոզանում:
-Եթե այդ պատմությունը քեզ հետ իրոք կապ չունի, մի խորացիր, գնա քո ճամփով,-խորհուրդ տվեց Մարկոն:
Հրաժեշտ տալով Մարկոյին, ես կախեցի լսափողը: Մոտեցա պատուհանին, բացեցի այն. անձրեւախառը օդը սառեցրեց ճակատս: Հարկավոր է մի բան խմել: Եթե ես սովորական ճամփորդ լինեի, ճամպրուկիս մեջ անպայման հայկական կոնյակ կլիներ, գուցե նաեւ ծիրանի չիր: Իսկ հիմա գնա ու հայկական կոնյակ գտիր էս լպստած քամբախտում: Հյուրանոցի հենց պատին կից մի բար էի տեսել, որոշեցի գնալ այնտեղ (հյուրանոցային բարերը տաղտուկ են): Հյուրանոցից վազեվազ հասա, այնտեղ, այնպես որ համարյա չթրջվեցի, մոտեցա բար-կանգնակին.
-Հայկական կոնյակ ունե՞ք. պարտադիր չէ «Նաիրի», կարելի է նաեւ «Ախթամար», «Անի», «Արարատ» հինգ կամ երեք աստղանի:
-Ցավում եմ, պարոն, չունենք,-ժպտալով ասում է բարմենը:
-Իսկ հայկական գինի՞, պարտադիր չէ «Արենի», կարելի է նաեւ պաչիկ կամ պասեք, կամ զոքանչ, կամ բաջանաղ,- դառը հեգնական շարունակում եմ ես:
-Ոչ, պարոն:
-Ուրեմն հայկական օղի էլ չունեք: Այդ դեպքում գերապպա լցրեք:
Գերապպան իտալական խաղողի օղի է, մոտավորապես այն, ինչ վրացիք չաչա կամ ճաճա են կոչում, այսինքն՝ խաղողի ճաճի օղի, իսկ մենք՝ յաթրջի: Եւ ինչպես են եվրոպացիք այս յաթրջին առանց պանրի կամ առանց թթվի խմում: Թթու. ո՞վ հայ ժողովուրդ, գիտե՞ս արդյոք, որ ազգային արժեքը ոչ միայն քո դզած-փչած պատմությունն է, այլեւ քո թթուն: Հայկական մոռացված եւ մոռացվող խոհանոցի ամենամեծ տեսականին կարելի է միայն «Թթու» ենթավերնագրի տակ գտնել: Հիմքերի հիմքը, իհարկե, խառը թթուն է: Բայց ի՞նչ շենք է կանգնած այս հիմքի վրա. ծաղահաս կաղամբի ամառային թթու, կարմիր ճակնդեղի «տակի» եւ ճախի, այսինքն թեւերի թթու, վարունգի թթու, կանաչ ու կիսակարմիր լոլիկի թթու, գազար, կանաչ լոբի, ծաղկակաղամբ, քյարավուզ, սխտոր, սոխ, ձմերուկ, սմբուկ, բիբար, ծիծակ (ոչ թե մալականի, այլ հայկական տեխնոլոգիաներով), մանդակի թթու, ջոնջոլի թթու: Բայց մշակաբույսերի թթուների գլուխգործոցը պղպեղի, այսինքն բիբարի թեւերի բիբարի ճախի թթուն է: Մի տեսակ, որ մոռացվում է ցավալիորեն: Այս թթուն դնում են աշնանը, երբ բերքահավաքը ավարտված է: Այդ ժամանակ բիբարի թփերի վրա լինում են փոքր պտուղներ, որ չեն հասցրել մեծանալ: Կան նաեւ տերեւներ, բազմաթիվ տերեւներ: Ահա այս տերեւներից եւ թերահաս պտուղներից է դրվում բիբարի ճախի թթուն եւ եթե թթու դնողը գիտե իր գործը ՝ օղորմած տատիկիս նման, ուրեմն դա թթու չէ այլ գլուխգործոց, արվեստի ստեղծագործություն:
Բայց այս կիսատ ցանկով հայաստանյան թթուների տեսականին չի սպառվում: դեռ չենք խոսել վայրի բույսերի թթուների մասին. շուշան, բոխի, իծկոթ, սինդրիկ...
Հիմա Իջեւանի լեռնային բացատներում երեւի դուրս է եկել սինդրիկը: Հիմա Իջեւանի անտառները պճնվել են կանաչով: Ամեն տարի այս օրերին գնում եմ Իջեւան՝ գառի սեզոնի բացումն անելու: Դա տեղի է ունենում մոտավորապես հետեւյալ կերպ. Իջեւան եմ հասնում ուրբաթ օրվա երկրորդ կեսին: Շատ արագ զանգեր ենք փոխանակում ընկերներիս հետ.«էկել ե՞ս», «էկել եմ»:
Որոշ ժամանակ անց կամ ես եմ զանգում Բիձիկին, կամ ինքը ինձ.
-Մի հատ կյառը չուտե՞նք:
-Հա, բա ինչ անենք:
Բուն արարողությունը տեղի է ունենալու հաջորդ օրը: Մինչ այդ, սակայն, հարկավոր է գառ ճարել: Իջեւանի շուկայում կենդանի գառ վաճառում են միայն տարվա մի քանի օր՝ Վարդավառի կապակցությամբ: Վարդավառը Իջեւանում նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը, եւ նախընթաց հինգշաբթի օրվանից քաղաքի փողոցներում սկսվում է գառների եւ ուլերի գրոհը: Բայց տարվա մնացած օրերին Իջեւանի շուկաներում հնարավոր չէ կենդանի գառ գտնել: Գառան միս իհարկե, կա, բայց մեզ կենդանի գառ է հարկավոր, իսկ այն ձեռքբերելու համար հարկավոր է շրջել մոտակա գյուղերում եւ գտնել: Մինչ այդ «տեղաքում» ենք, այսինքն, փորձում ենք կոնկրետ հասցե գտնել, որտեղ գառ են վաճառում: Որպես կանոն «տեղաքումը» արդյունք չի տալիս: Պետք է մեկնել: Բայց ո՞ւմ մեքենայով: Հարցը սկզբունքային է, որովհետեւ գառը ոչ միայն լողացած չէ, այլեւ ճանապարհին չի խնդրի կանգնել՝ բնական կարիքները հոգալու համար եւ այդ ամենը անում է բեռնախցիկում: Բիձիկը եւ ես համամիտ ենք. մեր մեքենաները բացառվում են, մնում է Չաղի մեքենայի տարբերակը, մանավանդ որ՝ այն կարծես «մեյկայում» էր այսինքն նոր ՝ լվացել. թխի գա:
Համոզելը հեշտ չէ, բայց համոզում ենք: Չաղը Ժպիտի հետ է, Բոբոն պարապմունքի է, նրա հետ առայժմ գործ չունենք: Գնում ենք, ասենք, Ակնաղբյուր: Հասնում ենք գյուղամեջ.«Տղերք բարեւ ձեզ. գյուղում ո՞վ ծախու կյառն ունի»: Գյուղացիների միջեւ տեղի է ունենում մի փոքր քննարկում. ի վերջո որեւէ մեկի անունը տալիս են, գյուղամիջի երեխաներից մեկին էլ նստեցնում ենք մեքենան, որ տվյալ մարդու տան տեղը ցույց տա: Որպես կանոն երեխան էլ դարպասի մոտից ձայն է տալիս պոտենցիալ գառնատիրոջը:
-Էդ ո՞վ ա,-որպես կանոն կանչին ի պատասխան դուրս է գալիս մի ծեր տատիկ, ով իմանալով մեր այցի նպատակը ասում է,-մինն ունենք, երեկ տարան. մնացածը պյուճուր են, ծախու չեն:
Որպես կանոն առաջին փորձից հնարավոր չէ գառ գտնել: Փնտրտուքը պետք է շարունակել.
-Բա ո՞վ կյառը կունենա տատի,-հուսահատ հարցնում ենք մենք:
-Գիդամ ոչ, հլա էնինչենց հարցրեք:
Կոնկրետ հասցե ունենալը միշտ լավ է, ուղեկից երեխան էլ տան տեղը գիտի.
-Իրեք հատ ունեմ, բայց ծախու չի. պահում եմ րեխի բանակի քեֆի համար:
-Փաստորեն լավ էլ մեծ բանակի քեֆ ես անելու:
Եթե աստղերը բարեհաջող են դասավորված, երրորդ տեղում գառը կա: Մտնում ենք գոմ: Բիձիկը պարտադիր բարձրացնում է գառներից մեկը, կամ եթե մի հատ է, այդ միակը. քաշը ստուգված է:
Ու սկսվոմ է իմ ամենասիրած մասը՝ սակարկությունը: Անցյալ տարի գառը 20-25 հազար դրամ էր, բայց եթե թանկացումներ են սկսել, այս տարի գառն էլ թանկացած կլինի:
-Ի՞նչ ես ասում էս գառը, հորողբեր:
-35 մանեթ,-ասում է հորողբերը, մանեթ ասելով նկատի ունենալով 1000 դրամը: Այսինքն 35 հազար դրամ է ասում:
-Էդ ի՞նչ գին ես ասում, այ տնաշեն,-նեղսրտում ենք մենք,- 25 մանեթ ենք տալիս տանենք:
-25 մանեթով հենա ես կուտեմ էլի:
-Հերու 20-ով մի կյառն առանք, 14 կիլո միս տվեց. սրա վրա 10 կիլո միս չկա:
-Հերու ալիրն էլ էր էժան, ծեթն էլ էր էժան, պեսոկն էլ էր էժան. նաղդ 12 կիլո միս ունի:
-Վարյանտ չկա, նիհար զատ ա. 30 տալիս ենք տանենք:
Հորողբորը այս տեղում, որպես կանոն, գոմի լույսը անջատում է.«Ես ծախու ապրանք չունեմ», սրտնեղած ասում է նա: Որպես կանոն այս տեղում Չաղը, որ մեքենայի մեջ է մնացել, մեքենայի շչակն է հնչեցնում, իբր շուտ արեք:
-Դե լավ, լավ, ոտքերը կապի, պարկի մեջ գցի,-ասում ենք մենք հորողբորը, փողը տալիս ենք, գառը վերցնում ու ետ՝ Իջեւան:
Գառը որպես կանոն մորթում է եղբայրս՝ Արտակը: Եթե եղանակը վատ է, արարողությունը տեղի է ունենում տանը: Բայց որպես կանոն եղանակը հնարավորություն տալիս է անտառ գնալ:
(մաս 9-րդ)
10. մղձավանջ եւ անուրջներ Լոզանում (շարունակություն)
Անտառ ասելով, սակայն, Իջեւանում նկատի չունեն ուղղակի անտառ: Աղբյուր ասելով՝ նկատի չունեն սոսկ աղբյուր: Տվյալ դեպքում գործ ունենք որոշակի ինֆրաստրուկտուրայի հետ, որ նախատեսված է անտառային խնջույքի համար: Անտառներում կան բազմաթիվ զրուցարաններ՝ բիսեդկաներ, երկար նստարաններով, սեղաններով: Սրանց կից՝ խորովածանոց, գառ մորթելու տեղ, միսը կտրատելու փոքր սեղան, երբեմն նաեւ առանձին սեղան՝ բլոտ, նարդի, շախմատ խաղալու համար:
Կիրանցի անտառում նույնիսկ այնպիսի աղբյուր (այսպես են տեղացիները կոչում այս վայրերը) կա, որտեղ երեխաների ժամանցի համար փոքր, մեխանիկական, բակային կարուսելներ կան կամ նույնիսկ՝ հնաոճ իրերի թանգարան: Իսկ ահա ջուրը այս տեղերում ոչ թե ուղղակի քարից է դուրս գալիս կամ գետի տակից, այլ հոսում է հուշաղբյուրից, որ կառուցված է լինում մի վաղամեռիկ հարազատի կամ ընկերոջ պատվին: Երբեմն աղբյուրները կոչվում են հենց տվյալ նահատակի ազգանունով կամ անունով՝ Ղազումյանների աղբյուր, Հովակիմյանների աղբյուր, Ասլանյանների աղբյուր:
Ու չնայած այս պատկառելի ենթակառուցվածքի գոյությանը, նրանք չեն գտնվում հսկողության տակ, եւ այնտեղ ժամանակ անցկացնելու համար պետք չէ ոչ ոքի վճարել: Ուղղակի պետք է ուրիշներից առաջ զբաղեցնել: Որպես կանոն, սա դժվար չէ. եթե մի աղբյուրը զբաղված է, մյուսը հաստատ ազատ կլինի: Բայց ահա Վարդավառին իսկական ճգնաժամ է սկսվում, եւ հուլիսի վերջին կիրակի օրը Իջեւանի անտառներում աղբյուր զբաղեցնելու համար՝ շատերը ստիպված են այնտեղ գնալ նախորդ օրը եւ գիշերը մնալ: Բայց կա մի ոսկե կանոն՝ եթե աղբյուրը կառուցած անձը, ընտանիքը որոշում է Վարդավառը անցկացնել իր կառուցած աղբյուրում (ինչպես հասկացաք, նույն մարդը կառուցել է ոչ միայն բուն աղբյուրը, այլեւ այդտեղ եղած մնացած բաները), նրա իրավունքները հարգվում են աներկբա. այսինքն՝ նրանք կարիք չունեն գիշերը մնալու: Ուղղակի պետք է առավոտ շուտ ներկայանան, որ ուրիշները չհասցնեն խնջույքը սկսել. անհարմար բան կստացվի:
Բայց հիմա Վարդավառ չէ, եւ ազատ աղբյուր կարելի է գտնել առանց դժվարության: Ու եթե այստեղ եղած նախորդ խումբը իր ետեւից հավաքել է, ինչը, ի դեպ, միշտ չէ, որ այդպես է լինում, կարելի է սկսել արարողությունը: Եթե տեղանքը մաքուր չէ, դա կարելի է անել միայն մաքրություն անելուց հետո:
Ինչեւէ, շշերը դրված են ջրի տակ, գառը կախված է սպանդարանի խողովակից, ասել է թե՝ արարողությունը սկսված է: Հա, չմոռանանք արարողության ամենակարեւոր ատրիբուտի՝ կրակի մասին: Կրակը վառելը աղբյուրը զբաղեցնողի առաջին գործն է. անհրաժեշտ է արագ կրակ վառել, որ «ծուխը ծուլ լինի», եւ ազատ աղբյուր փնտրող մյուս խմբերը, ծուխը հեռվից տեսնելով, հասկանան, որ այս աղբյուրը զբաղված է եւ իզուր չգան հասնեն այստեղ ու ետ դառնան: Ինչպես տեսնում եք, սա իրոք արարողություն է՝ իր բազմաթիվ կանոններով: Այդ կանոններից մեկի համաձայն, անտառային աղբյուրներում խնջույք անցկացրած խումբը իր հետ բերած աղը պետք է թողնի տեղում:
Այս կանոնը թերեւս ձեւավորվել է կենսափորձի արդյունքում. եթե մարդիկ մոռանան իրենց հետ աղ բերել, իսկ աղի մասին մոռանալը դժվար չէ, ստիպված կլինեն ետ գնալ քաղաք: Եւ թերեւս աղը տեղում թողնելը ապահովագրական նշանակություն ունի: Բայց տեղացի տատիկները այս կանոնին միստիկ նշանակություն են տվել. եթե անտառից աղը հետդ տուն տանես, դժբախտություն կպատահի... Եւ Իջեւանում դուք չեք գտնի մի մարդ, որ անտառից աղ է տարել իր տուն:
Ահա, երբ ընթերցողը ծանոթ է իջեւանյան անտառային խնջույքի պայմաններին եւ ընդհանուր կանոններին, արժե նրան պատմել նաեւ գառ մորթելու տեղական առանձնահատկությունների մասին: Բանն այն է, որ Իջեւանում մորթված գառան կոկորդից հոսող արյունը հավաքում են թասի մեջ. այսինքն՝ գառան կոկորդի բացվածքի տակ թաս են պահում, եւ արյունը հոսում է նրա մեջ: Գառան ու թասի արանքում, որպես կանոն, մաղ են պահում, որպեսզի արյան մեջ բուրդ, մազ չընկնի: Հավաքած արյունով պատրաստում են իջեւանյան ամենահայտնի դելիկատեսը՝ գառան արյունով տժվժիկը: Արյունը թասի մեջ շուտով մակարդվում է, եւ այն խաշում են ջրի մեջ. դառնում է լյարդանման զանգված: Արյունը պատրաստելու համար նախ դմակը հալեցնում են թավայի մեջ, ապա դմակի մեջ տապակում են մանր կտրատված լյարդը, թոքը: Արյունը, ինչպես հիշում եք, խաշված է, եւ երբ այն տրորում ես, հեշտությամբ փշրվում է. ահա, այս փշրված արյունը լցնում ես դմակի մեջ տապակված լյարդի եւ թոքի վրա: Ամենավերջում ավելացնում ես մանր կտրատած սոխը, եւ շատ չանցած՝ կերակուրը պատրաստ է: Հավատացեք, շատ համով է. առիթի դեպքում անպայման փորձեք, բայց շատ մի կենտրոնացեք այն մտքի վրա, որ արյուն եք ուտում. դա խանգարում է կերակուրը օբյեկտիվ գնահատելուն: Գառը մաշկելու, ցախ հավաքելու, արյունը պատրաստելու պրոցեսը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է մի անհասցե հարցով.
- Մի բաժակ բան չխմե՞նք...
Ամեն մեկն իր բաժակը ձեռքին մոտենում է կրակին. լցնում ենք, մի կենաց ասում-խմում, եւ էլի ամեն մեկը գնում է իր գործին, մինչեւ չհնչի նույն հարցը.
- Մի բաժակ բան չխմե՞նք...
Ու, ճիշտն ասած, երբ արյունը եփված է, խորովածը՝ պատրաստ, խաշլամայի հոտն էլ աշխարհ է առել, որեւէ բան ուտելու ցանկություն չկա: Այս արարողության նպատակը ո՛չ ուտելն է, ո՛չ էլ խմելը: Այս արարողության նպատակը բնական, սկզբնական, վայրենի ազատությունը զգալն է, այն վայելելը: Ու մանավանդ այն ժամանակ, երբ մեր կանայք ու երեխաները, ծնողները, հյուրերը արդեն հոգնել ու տուն են վերադարձել կամ հոգնած ծառերի տակ քնած են, արարողությունը հասնում է կուլմինացիայի:
Սեղանի շուրջ նստած են Չաղը, Բոբոն, Բիձիկը, Ժպիտը, ես: Բոլոր կենացները խմված են, շուրջը ուրիշ ոչ ոք չկա: Միայն մենք ենք եւ ուրախ ենք, որ կյանքը չի խաթարել մեր մանկական ընկերությունը: Ամեն ինչի մասին զրուցել ենք, խոսելու բան չկա:
- Մի բաժակ բան չխմե՞նք...
Բաժակները լցվում են, բայց այլեւս կենաց չի մնացել.
- Չաղ, մի կենաց ասա:
Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվելու, բայց բոլորը զսպում են ծիծաղը, բացի Ժպիտից, որը միշտ ժպտում է:
- Էկեք էս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացը...
Ծիծաղում ենք, չխկացնում եւ խմում: Մի շտապիր, սիրելի ընթերցող, այս կենացը անվայել կամ ցինիկ կամ զզվելի համարել: Այս կենացը արտահայտում է պահի երջանկությունը, պահի անհոգությունը, պահի ազատությունը...
Ա՜խ, ինչքան եմ զզվում էս Լոզանից ու էս Շվեյցարիայից, էս Վիեննայից ու Ավստրիայից, էս քաղաքակիրթ կոչվող աշխարհից: Ճիշտ է, ես հիմա նստած եմ էդ քաղաքակիրթ աշխարհի քաղաքակիրթ բարերից մեկում, բայց ես գնում եմ Հայաստան: Ու ցույց մի տվեք ինձ Հայաստանի ճանապարհը: Ես գնում եմ ի՛մ իմացած ճանապարհով, ես գնում եմ երկրի հակառակ կողմից:
(մաս 10-րդ)
11. ի՞նչ է անունդ, բանտապահ
Գերապպայի երկրորդ բաժակից հետո հիշեցի, որ ֆուտբոլի 2008 թվականի Եվրոպայի առաջնությունը, ախր, այստեղ է տեղի ունենալու՝ Շվեյցարիայում եւ Ավստրիայում: Մի երկու տեղ, կարծեմ, ինչ-որ պաստառներ ընկան աչքովս: Բայց մի տեսակ չֆիքսեցի, չնկատեցի, երեւի շատ էի լարված: Սատանան գայթակղում է ինձ. չմնա՞մ էստեղ ու մի կարգին ֆուտբոլ նայեմ: Բայց ի՞նչ կմտածեն բանտում գտնվող իմ ընկերները: Մտածելը՝ չգիտեմ, բայց Արարատը՝ Զուրաբյան, ողջ կյանքում հոգիս կուտի. «Մենք բանտում նստած էինք, իսկ դու քեզ համար «Եվրո-2008» էիր լացացնում»,- ամեն անգամ կասի նա: Ու չեմ ազատվի ես նրա ձեռքից: Է՜յ, Արարատ ջան, անգամ չես պատկերացնի, թե ինչքան եմ քեզ կարոտել, ինչքան եմ կարոտել Դավիթին՝ Մաթեւոսյան, Պետրոս Մակեյանին, որին չնայած «պարոն Մակեյան» եմ ասում, բայց մեկ է, մենք ընկերներ ենք, հարազատ ընկերներ: Նույնը վերաբերում է նաեւ Ալեքսանդր Արզումանյանին, զնդաններում գտնվող մեր մյուս ընկերներին: Չի եղել մի օր, որ մտովի չայցելեմ ձեր «կամերները», չզգամ դրանց հերոսական շունչը: Բանտում նստելը դժվար է, շատ դժվար, բայց հեշտ չէ ազատության մեջ լինելը, երբ քո ընկերները բանտում են: Ընկերովի մահը հարսանիք է, իսկ մենակ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման վայրում հայտնվելու մեջ ինչ-որ նվաստացուցիչ բան կա, շատ որոշակի նվաստացում:
Չի եղել մի օր, որ ես չցանկանամ ձեր կողքին հայտնվել, չմտածեմ այդ մասին: Բայց այդտեղ գալ կարող էի միայն արժանապատիվ ճանապարհով: Ամեն ինչ արեցի, անգամ հասա նրան, որ ինձ գտնելը պատվի խնդիր դառնա սերժական ԱԱԾ-ի համար: Անգամ փորձեցի օգնել, հուշել ԱԱԾ-ին, նրան մատուցեցի 50/50, զանգ ընկերոջը, դահլիճի օգնություն:
Արդյունքում՝ նստած եմ շվեյցարական Լոզանի մի գողտրիկ բար-սրճարանում եւ գերապպա եմ կոնծում... Ինչպիսի՜ նվաստացում...
Վերջին 10 տարում ես հայաստանյան որեւէ բար չեմ մտել, տանել չեմ կարողացել ռեստորանները, զզվել եմ սրճարաններից: Գլխավոր խմբագրի իմ հարմարավետ աշխատասենյակը բանտախուց է եղել ինձ համար. առնվազն շատ հաճախ այդպես է թվացել: Տասնյակ անգամներ փորձել եմ փախչել այդ խցից ու փախել եմ, բայց այդ փախուստը ամենաշատը մի ժամ է տեւել, ինչ-որ Անտեսանելի ձեռք վզիցս բռնել է եւ ետ բերել իմ բանտախուց: Ինչ-որ Անտեսանելի ձեռք ինձ գամել է պաշտոնս խորհրդանշող բազկաթոռին:
Ամեն բացթողման, ամեն սխալի, ամեն վրիպման, ամեն անճշտության, ամեն անուշադրության համար ամաչել եմ, գետինն եմ մտել: Ամեն անգամ այդպիսի դեպքերում ինձ թվացել է, թե օրը ցերեկով, լրիվ մերկ կանգնած եմ Հանրապետության հրապարակում, ու մարդիկ 100 դրամ են վճարում՝ իմ մերկությունը դիտելու, իմ անճոռնիությունը ծաղրելու համար: Սրան դիմանալ հնարավոր չէ, ցանկացել եմ փախչել ու փախել եմ:
Բայց այդ անիծված Անտեսանելի ձեռքը ԱԱԾ չէ, նրանից հնարավոր չէ փախչել. ամեն անգամ նա ինձ ետ է բերել իմ բանտախուցը եւ մի Անտեսանելի բանտապահ կարգել իմ դռան առաջ: Ի՞նչ է այդ Անտեսանելի բանտապահի անունը. գուցե Փառամոլությո՞ւն, գուցե Մեծամտությո՞ւն, գուցե Կարիերի՞զմ, գուցե Տգիտությո՞ւն, գուցե Շահամոլությո՞ւն: Իսկ գուցե Պատվախնդրությո՞ւն, գուցե Պատասխանատվությո՞ւն, գուցե Սե՞ր, գուցե Հայրենի՞ք, գուցե Քաղաքացիությո՞ւն, գուցե Ծառայությո՞ւն: Իսկ գուցե իմ դռան առաջ ոչ թե մեկ, այլ տասնյակ Անտեսանելի բանտապահներ են կանգնած, եւ իմ դռան առաջ հաշտ ու խաղաղ իրար կողքի ապրում են Փառամոլությունն ու Ծառայությո՞ւնը: Գուցե ոչ թե հաշտ ու խաղաղ են ապրում, այլ ամեն օր իրար մռութ են ջարդում, պայքարում են իրար իմ դռան մոտից ընդմիշտ քշելու եւ իմ բանտապահը լինելու իրավունքի համար:
Ինչ էլ լինի իմ Անտեսանելի բանտապահ(ներ)ի անունը, ես նրանց չբացակայելու մասին ստորագրություն եմ տվել: Ուշ երեկոյան նա ինձ թույլ է տվել մեկնել երեխաներիս հետ տեսակցության: Բայց հաճախ այդ տեսակցությունը չի կայացել. կա՛մ զավակներս քնած են եղել, կա՛մ էլ ես կտտանքներից բզկտված:
Երբեմն գիշերը վեր եմ թռել՝ քնիս մեջ հասկանալով, որ էլի մի սխալ, էլի մի վրիպակ, էլի մի անգրագիտություն եմ թույլ տվել: Վեր եմ կացել, վազել, բայց աչքս ընկել է ժամացույցին. արդեն ուշ է, տոմսերը հանված են վաճառքի, եւ լուսաբացի հետ ես իմ սեփական մերկությունը ի ցույց կդնեմ Հանրապետության հրապարակում, ընդամենը 100 դրամով:
Առավոտյան՝ սահմանված ժամին, ներկայացել եմ իմ բանտապահ(ներ)ին: Անցել եմ իմ խուցը, ամաչել, գետինը մտել, անզորությունից խելագարվել ու խելագար հարձակվել իմ կալանավորների վրա: Հետո ավելի եմ ամաչել, ավելի եմ գետինը մտել, անզորությունից հեկեկացել եմ, փախել եմ անզորությունից... Բայց Անտեսանելի ձեռքը հասել է ինձ, Անտեսանելի բանտապահը քացու տակ է տվել ինձ, ու ես հնազանդվել եմ, հնազանդվել եմ...
Արտակարգ դրությունը փրկություն էր ինձ համար, իմ դեմ հարուցված հերթական քրգործը՝ հույս, իմ նկատմամբ հայտարարված հետախուզումը նման էր ազատագրման: Բայց սին դուրս եկան իմ սպասումները, եւ ինչպես տեսնում եք՝ հիմա ստիպված եմ ոչ միայն ինքս ինձ քարշ տալ աշխարհով մեկ, այլեւ իմ բանտախուցը, իմ ամոթը:
Ու չնայած Շվեյցարիայում եմ, հիմա էլ ժամանակ առ ժամանակ իմ մերկությունը ի ցույց է դրվում Հանրապետության հրապարակում: 100 դրամով, ընդամենը 100 դրամով:
Նստած եմ շվեյցարական Լոզանի մի գողտրիկ բար-սրճարանում եւ զգում եմ, որ իմ Անտեսանելի բանտապահ(ներ)ը հսկում է սրճարանի դուռը, բոլոր այն դռները, ուր ես մտնում եմ՝ իմ բանտախուցը հետս քարշ տալով:
Մի՞թե ազատում չկա այս բանտախցից, այս բանտապահ(ներ)ից... Կա, եւ այդ ազատումը ԱԱԾ մեկուսարանն է: Միայն ԱԱԾ բանտապահները ինձ կկարողանան դուրս կորզել իմ բանտապահ(ներ)ի ձեռքերից, միայն նրանց սապոգների տակ կջարդվի այդ Անտեսանելի ձեռքը, միայն նրանց հարվածների տակ իմ բանտապահ(ներ)ը կփախչեն ինձնից, ինչ էլ լինի նրա (նրանց) անունը՝ Փառամոլություն թե Մեծամտություն, Կարիերիզմ թե Տգիտություն, Քաղաքացիություն թե... Բայց, չէ, եթե նրա (նրանց) անունը Քաղաքացիություն է կամ Սեր կամ Հայրենիք կամ Ծառայություն կամ Ազատություն, ես չեմ ազատվի նրանցից, նրանք ինձ չեն թողնի ոչ մի կտտանքի, ոչ մի խոշտանգման, անգամ մահապատժի սպառնալիքի տակ:
- Ո՞վ ես դու, իմ բանտապահ: Ես ուզում եմ ճանաչել քեզ, ես ուզում եմ իմանալ քո անունը:
- Իմ անունը գրված է ԱԱԾ բանտապահի սապոգի տակ: Իմ անունը կտեսնես այն ժամանակ, երբ ԱԱԾ սապոգի տակը կտեսնես:
(շարունակելի)

Վերջին Կարծիքները