|
Ասում է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, որը Ստրասբուրգում հետեւել էր ԵԽԽՎ քննարկումներին
- Ինչպե՞ս եք գնահատում «Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 (2008) բանաձեւի կատարումը» 11656 բանաձեւը՝ իր վերջնական տեսքով:
- Նախ կուզեի անդրադառնալ մի հարցազրույցի, որ տվել էի «Առավոտին» մի
քանի ամիս առաջ եւ ասել, որ մենք խնդիրներ կունենանք Լեռնային Ղարաբաղին
առնչվող եւ այլ փաստաթղթերում, եւ դա պայմանավորված է Հայաստանի իմիջի եւ
միջազգային կազմակերպություններում մեր երկրի գործելակերպի հետ: Այսինքն՝
սա այն է, ինչ եղավ այս անգամ:
Ու այս կապակցությամբ շատ կարեւոր է Հայաստանի իշխանությունների եւ
ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության աշխատաձեւը: Նրանք ամբողջությամբ սեւեռվել
էին 11656 բանաձեւի նախագծի վրա եւ ընդհանրապես չէին նայում, թե ինչ է
կատարվում այլ հանձնաժողովներում: Սա առաջին պատճառն է, թե ինչու
«Ադրբեջանի ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին»
բանաձեւում, որը որեւէ կապ չպիտի ունենար Լեռնային Ղարաբաղի հետ՝ տեղ գտան
«գրավյալ տարածքներ» եւ նման ձեւակերպումներ:
- Այնուամենայնիվ, հիշեցնեմ, որ Հայաստանի պատվիրակությունը փորձեց
ուղղումներ անել այդ բանաձեւում, սակայն մերժվեցին բոլոր առաջարկները:
- Այո, եւ ուզում եմ նշել դրա պատճառը: Ես անուններ չեմ տա. մեր
պատվիրակության անդամը ներկայացնում էր իր տեսակետը Հայաստանի
ժողովրդավարական զարգացման վերաբերյալ եւ ասում, թե գիտեք՝ մեր երկրում
մեծ առաջընթաց է եղել անցած 2 ամսում (համահունչ ելույթներ ունեցել են
Ավետ Ադոնցն ու Արմեն Ռուստամյանը: Դավիթ Հարությունյանը լիագումար
նիստում ելույթ չի ունեցել.- Ա. Ի.), եւ Հայաստանը ներկայացնում է որպես
Լյուքսեմբուրգի կամ նման պետություններին համապատասխան մի երկիր: Ըստ
էության՝ ստում է: Բոլորը տեսնում են, որ, չէ, իրականում այդպես չէ, քանի
որ բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվել Հայաստանում: Եվ եթե
պատվիրակության նույն անդամը Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցադրումներ
է անում (ընդ որում՝ իրավիճակը ճիշտ է ներկայացնում)՝ այնուամենայնիվ,
ենթադրվում է, թե նա ինչպես կեղծում է Հայաստանի իրավիճակը ներկայացնելու
հարցում՝ կեղծում է նաեւ այստեղ: Այստեղ արդեն մարդկանց մոտ ռեֆլեքս է
ձեւավորվել, որ եթե հայերը խոսում են՝ ուրեմն կեղծում են: Եվ Հայաստանը
պետք է պատրաստ լինի՝ եթե այսուհետ էլ միջազգային կազմակերպություններում
շարունակելու է կեղծ ձեւով ներկայացնել ժողովրդավարական իրավիճակը, իրեն
էլի չեն հավատալու:
- Սակայն 1609 բանաձեւի կատարման շուրջ քննարկմանը մասնակցող 20-30
պատվիրակների տրամադրվածությունը, հնչած ելույթներից դատելով, դրական էր
Հայաստանի հանդեպ:
- Այդ քննարկմանն իրոք մասնակցել են ընդամենը 24 հոգի: Ես ներկա էի
դահլիճում եւ տեսա, թե ովքեր էին: 4-ը մեր պատվիրակության անդամներն էին,
6-ը՝ Ադրբեջանի, ի պաշտոնե նիստում պարտավոր էին լինել նախագահողը,
զեկուցողները եւ այլն: Մի 3-4 հոգու ՀՀ պատվիրակությունն էր խնդրել, որ
գան ու գովաբանական ճառեր ասեն: 1-2 հոգու էլ ես էի խնդրել, որ ներկա
լինեն: Սա է ամբողջը՝ 24 հոգու է այս կամ այն կերպ հետաքրքրում Հայաստանի
հարցը:
- Ինչպե՞ս եք գնահատում ԵԽԽՎ-ում մեր միակ ընդդիմադրի՝ Րաֆֆի
Հովհաննիսյանի քայլը: Արդյոք «դուռը շրխկացնե՞լն» էր ճիշտ, թե՞, ինչպես
ասաց Ջոն Պրեսկոտը՝ աշխատել շարունակելն ու իր տեսակետը պնդելը,
բանավիճելը:
- Ամեն դեպքում, այն քայլը, որն ար եց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կարող է
ընկալվել որպես լուրջ բողոք նման գործընթացների դեմ: Եվ ինձ թվում է, այս
քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ուզում էր ցույց տալ իր
անհամաձայնությունը բանաձեւին: Իրոք, շատ-շատ են կետերը, որոնք չեն
համապատասխանում իրականությանը՝ սկսած բանաձեւի «ողջունում ենք» բառերով
սկսվող արտահայտություններից, վերջացրած այն փաստաթղթերով, որոնք
Հայաստանի կառավարությունը ներկայացրել էր ԵԽԽՎ պատվիրակներին ու
հանձնաժողովներին:
Լեռնային Ղարաբաղին առնչվող տխրահռչակ ու խայտառակ 1416 բանաձեւում
նշված է. «Ադրբեջանի տարածքի զգալի հատվածներ դեռեւս գրավված են հայկական
ուժերի կողմից, եւ անջատողական ուժերը դեռեւս վերահսկում են Լեռնային
Ղարաբաղի տարածաշրջանը», խոսվում է էթնիկ զտումների մասին եւ այլն:
Համոզված եմ, որ եթե այդ ժամանակ որեւէ մեկը, ասենք՝ Տիգրան Թորոսյանը վեր
կենար ու ասեր, թե ինքը դադարեցնում է իր մասնակցությունը, քանի որ չենք
կարողացել ներկայացնել ու ապացուցել ճշմարտությունը՝ շատ ազդեցիկ կլիներ:
Գտնում եմ, որ այդպիսի քայլերը բացառիկ իրավիճակներում կարող են լինել
վերջին հնարավորությունը՝ ցույց տալու անհամաձայնությունը, քանի որ եթե
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը դեմ քվեարկեր՝ դա կլիներ միայն 1 ձայն: Իսկ
հիմա բոլորը հասկանում են, որ ինչ-որ մի բան սխալ է, ինչ-որ բան այն չէ
այս գործընթացում: Եվրախորհուրդը փորձում է ինչ-որ կերպ օգնել
քաղբանտարկյալների ազատման գործընթացին, բայց ստացվում է, որ հենց ԵԽ լուռ
համաձայնությամբ մարդիկ 4 ամիս նստած են ու եւս 6 ամիս կարող է շարունակեն
նստել:
|
Գրեք Ձեր մեկնաբանությունը