-
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի «Պայքար հակասեմիտիզմի եւ հատկապես ԶԼՄ-ներում եւ ակադեմիական շրջանակներում դրա դրսեւորումների դեմ» հուլիսի 1-ի բանաձեւը վերստին ուշադրություն է հրավիրում այս ասպարեզում ԵԱՀԿ անդամ երկրների ստանձնած պարտավորությունների վրա։
Մեզ, անշուշտ, չէր մտահոգի նման բանաձեւի ընդունումը, եթե տառացիորեն օրեր առաջ Երեւանում գտնվող Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Կրամերը եւս իր անհանգստությունը չհայտներ հայաստանյան լրատվամիջոցներում իբր տեղ գտած հակասեմիտական քարոզչության կապակցությամբ։
Ինչո՞վ են պայմանավորված մեր երկրում հակասեմիտիզմ փնտրելու փորձերը, որո՞նք են դրանց հավանական կրկնությունն ապահովող «ներքին ազդակները»։
Հակասեմիտիզմ, որպես որոշակի ու հստակ քաղաքական երեւույթ, մեր երկրում փնտրելն ավելի քան անիմաստ է։ Կարծում ենք, դրա մասին տեղյակ են նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը եւ ԵԱՀԿ-ը։ Խնդիրն այստեղ այլ հարթության վրա է։
Հայաստանյան հասարակայնությունը, համենայն դեպս նրա մի հատվածը, լրջորեն մտահոգված էր, որ վերջին նախագահական ընտրապայքարի ընթացքում մեր երկրի քաղաքական կյանքում ակնհայտորեն նկատվում էր հրեական գործոնի ներկայությունը՝ ինչպես քողարկված, այնպես էլ բացահայտ ձեւով։ Մամուլում բազմիցս, միանգամայն հիմնավոր ահազանգեր հնչեցին Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի կազմակերպման նպատակով արտասահմանի հրեական շրջանակների տրամադրած տասնյակ միլիոնավոր դոլարների մասին, որոնք այդպես էլ չհերքվեցին։
Ավելին՝ ներքաղաքական պայքարի ամենաթեժ պահին ողջ երկիրը ականատես եղավ, թե ինչպես էր Թատերական հրապարակում՝ Տեր-Պետրոսյանի հանրահավաքների ժամանակ ծածանվում Իսրայելի դրոշը։ Հասարակությունը այդպես էլ պատասխան չստացավ, թե ի՞նչ էր դրանով ուզում ասել ՀՀՇ առաջնորդը։
Եթե օտարերկրյա «սպոնսորներին» շնորհակալություն հայտնելու եղանակ էր, ուրեմն հասարակայնությունը իրավունք ուներ անհանգստանալու նման փաստից։ Եթե ոչ, ապա պետք է, որ հանրահավաքի կազմակերպիչները բացատրեին, թե ի՞նչ նպատակով են մեր երկրում ծավալվող ներքաղաքական պայքար «ներմուծում» նման ատրիբուտներ։
Միգուցե հենց նպատակ կար սադրել սեփական քաղաքական հակառակորդներին, առաջ բերել նման պայմաններում միանգամայն բնական ու տրամաբանական դարձող նրանց հակազդեցությունը։ Դրանից հետո կարելի էր հնարավորություն տալ պետքարտուղարությանը, այժմ՝ նաեւ ԵԱՀԿ-ին, Հայաստանը դասել հակասեմիտիզմի հին հիվանդությամբ տառապող երկրների շարքը։
Ուրեմն ո՞վ է մեղավոր, որ վերջին շրջանում Հայաստանում սկսում է ձեւավորվել որոշակի ենթահող նախկինում մեզանում քմծիծաղով դիմավորվող՝ հակասեմիտիզմի մասին խոսակցությունների ուժգնացման համար։ Արդյոք մեր ժողովուրդը այնքան քիչ հակառակորդներ ունի, որ ոմանց թեթեւ ձեռքով, կամ չար միտումով, դրանց շարքում ավելանա նաեւ ճակատագրով մեզ բախտակից հրեա ժողովուրդը։ Անկասկած՝ ո՛չ։ Ուղղակի Հայաստանում վերջերս ծավալվող ներքաղաքական պայքարին հրեական գործոնի մասնակցության մասին ակնհայտ ապացույցները ժամանակին չեն հերքվել։ Ընդհակառակը, դրանք բացահայտորեն ցուցադրվել են հասարակայնությանը՝ առաջ բերելով նրա անհանգստությունը։
Բոլոր նրանք, ովքեր իշխանության հասնելու իրենց նպատակի իրականացման գործընթաց են ներգրավում նաեւ հրեական գործոնը, հենց իրենք էլ դառնում են Հայաստանում հակասեմիտիզմի «սերմնացանները»։
Հայաստանում գոյություն չունեցող հակասեմիտիզմի մասին խոսակցություններն ու մեղադրանքները վերջին շրջանում համառորեն ասպարեզ են բերում այն միջազգային-քաղաքական շրջանակները, որոնք մեր ընդդիմության ու նրա առաջնորդի ձեռնարկած անխոհեմ քայլերի հետեւանքների ողջ մեղքը փորձում են վերագրել արտաքին միջամտության վտանգից անհանգստացած իշխանություններին եւ հասարակությանը։
Ստացվում է, որ ոչ միայն «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում», այլեւ փորձ է արվում իրենց մեղքը բարդել ուրիշների վրա։
- ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ







Գրեք Ձեր մեկնաբանությունը