Արդեն 9-րդ անգամ հուլիսի 11-18-ը կմեկնարկի ամենամյա դարձած ՚Բազեՙ
համահայկական հավաքը, որին այս տարի մասնակցում են 18-30 տարեկան 650
երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, Սփյուռքից: Այս տարի ավելացել է
Ուկրաինայից եկած նոր ջոկատը:
Արդեն 2-րդ անգամ հավաքն անցկացվում է Ջերմուկ քաղաքում, թեեւ ըստ
նախատեսվածի` այն պետք է ամեն տարի ՀՀ տարբեր վայրերում անցկացվեր:
Պատճառն, ըստ հավաքի տնօրեն Արթուր Սողոմոնյանի` տեխնիկական է եւ կապված է
ենթակառուցվածքների հետ: ՚Այս տարի ուզում էինք նորից Դիլիջանում
կազմակերպել մեր հավաքը, սակայն այնքան էլ հեշտ չէ 650 հոգու տեղավորել եւ
լուծել բոլոր անհրաժեշտ խնդիրները: Ի դեպ, ՚Բազեՙ-ի շնորհիվ ՚Դիլիջանՙ
առողջարանը վերանորոգվում է, որի պատճառով այս տարի այնտեղ
չկազմակերպեցինքՙ,- պարզաբանեց Սողոմոնյանը:
՚Բազեՙ-ի բացումը տեղի ունեցավ ՚Գլաձորՙ առողջարանի բակում, որտեղ
հավաքվել էին կապույտ, կարմիր, նարնջագույն ճակատների բաժանված խմբերը,
որոնք շուտով միմյանց հետ մրցելու են մի շարք անվանակարգերում` երգ, պար,
քանդակ, բրեյն ռինգ, ֆուտբոլ, թենիս եւ այլն: Ի դեպ, այս տարի մի շարք
նորամուծություններ եւ փոփոխություններ են տեղի ունեցել մրցույթների
կանոնակարգերում, որի ժամանակ` ըստ կազմակերպիչների` հաշվի են առնվել նաեւ
մասնակիցների` տարբեր տարիների առաջարկությունները: Առաջին անգամ
կկազմակերպվի սպորտլանդիա մրցույթը, բանավեճային ակումբը, որի ընթացքում
կլինեն մեր պետականությանը վերաբերող տարբեր թեմաներով քննարկումեր:
Հավաքի նախավերջին օրը ուխտագնացություն է նախատեսվել, որի ժամանակ անցյալ
տարի օծված նորակառույց Գայանե եկեղեցում կմկրտվեն մոտ 50 մասնակից.
մնացել է միայն լուծել կնքահայրերի հարցը, որոնց մասնակիցներն իրենք են
հրավիրելու: Օրինակ` երեք հոգու կնքահայր կանգնելու ցանկություն արդեն
հայտնել է Վայոց ձորի փոխմարզպետը:
ճամբարի բացմանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն
իր խոսքում նշեց, որ շատ տպավորված է այն խանդավառությունից, որ տիրում է
նրանց մոտ: ՚Դա ոգեեւորիչ է, քանի որ ես մտածում էի երկրի ապագայի մասին,
որը կլինի այնպիսին, ինչպիսին դուք եք ուզում: Այն արժեքները, որ կա ձեր
մեջ, հենց այդպիսի Հայաստան էլ ստեղծելու եք: Ես կարծում եմ, որ ունենալու
ենք պայծառ ապագա, քանի որ ունենք ձեր նման երիտասարդներ: Այսուհետեւ այս
հանդիպումերը դառնալու են ոչ միայն ավանդական, այլեւ հաճախակիՙ,-
ավելացրեց նա: Իր ողջույնի խոսքից հետո վարչապետն առաջինն արյուն հանձնեց
՚Բազեՙ-ի շրջանակներում` ՚25 ակումբՙ ՀԿ-ի կազմակերպած անվճար դոնորության
քարոզին` օրինակ ծառայելով նաեւ մյուսների համար:
Հավաքի բացման ժամանակ ընթերցվեցին նաեւ Սերժ Սարգսանի եւ
Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձները բազեականներին: Ի դեպ, հավաքի տնօրեն
Սողոմոնյանը նշեց, որ հուլիսի 16-ին միջճակատային համերգին կմասնակցի նաեւ
Ռոբերտ Քոչարյանը, որը մասնակցության մեծ ցանկություն է հայտնել եւ
կազմակերպիչներն արդեն հրավիրել են նրան:Բազեականներին կայցելեն նաեւ ՀՀ
Պաշտպանության նախարարը, Սփյուռքի կոմիտեի նախագահը, իսկ ՀՀ Արտ.գործ
նախարարին հրավեր ուղարկել են, սակայն այս պահին դեռ վերջնական ճշտգրտումը
չկա` արդյոք կգա՞, թե ոչ:
Պետբյուջեից ՚Բազեՙ-ի համար այս տարի հատկացվել է 62 մլն դրամ,
եւս 10 մլն դրամ հատկացվել է Համահայկական երիտասարդական հիմնադրամից:
Հավաքի վերջում ՚Բազեՙ-ի մասնակիցները հայ էստրադայի աստղերի հետ միասին
սկսեցին երգել իրենց հավաքի հիմնը: Դրանից հետո նրանք գնացին
նախապատրաստվելու առաջիկա մրցույթներին:
Օրինակ` Հայաստանի հաշմանդամների ՚Փյունիկՙ միությունը ՚Բազեՙ-ին արդեն
5-րդ անգամն է մասնակցում եւ ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի նրանք
մարտական են տրամադրված եւ պատրաստվում են հաղթել բոլոր անվանակարգերում:
Նրանք հանդես են գալու կապույտ ճակատում: Մասնակցելու են 2 հենաշարժողական
վնասվածքով, 2 սայլակով, 3 լսողական, 2 տեսողական խնդիրներով
մասնակից-հաշմանդամներ: ՚Հատկապես հաշմանադամների մասնակցությունը նման
հավաքներին ողջունելի է, քանի որ հաշմանդամներին համապատասխան
ուշադրություն է դարձվում: Իմ կարծիքով` հաշմանդամների ինտեգրման հարցում
մեր հասարակությունը խնդիր ունի, ոչ թե հակառակը: Այդ պատճառով մեր
երեխաներն այստեղ լինելով իրենց լիարժեք են զգում, շփվում են բոլորի հետ
եւ ոչ մի խնդիր չունենՙ,- ՚Ա1+ՙ-ին ասաց ՚Փյունիկՙ միության ծրագրերի
ղեկավար Ռուզաննա Սարգսյանը:






Գրեք Ձեր մեկնաբանությունը