Ի՞նչ է Խոսք.com-ը:

«Խոսք.քոմ»-ը Բաց-խմբագրական լրատվական կայք է:

Բոլոր նորությունները դրված են իմ ու քո պես մարդկանց կողմից: Այս նույն մարդիկ են նաև ղեկավարում առաջին էջում տեղակայված նորությունը, նրանց համար «Վերև» կամ «Ներքև» ընտրություն կատարելով: «Խոսքի» բոլոր ֆունկցիաները գործածելու համար պետք է գրանցվել:

Ինչպես էին ընտրում Հայաստանի օրհներգը

1

Ինչպես էին ընտրում Հայաստանի օրհներգը

Ինչպես էին ընտրում Հայաստանի օրհներգը

Վերջին ժամանակներս ողջ Հայաստանը կտրուկ մտահոգվել էր իր պետական խորհրդանիշերի խնդիրներով։ Բոլորը նստել, քորում էին գլուխները. հիմա ինչպիսի՞ օրհներգ հորինենք։ Հազարավոր օրհներգեր հեղեղել էին բոլոր խմբագրությունները, հեռուստաընկերություններն ու կառավարությունը, որտեղից ողջ այդ հարստությունը կամաց-կամաց ուղարկվում էր Ավանի հոգեբուժարան. այնտեղ չափազանց երախտապարտ էին այդօրինակ նյութի համար։

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ գաղափարախոսությունից գոնե մի քիչ գլուխ հանող (իսկ գաղափարախոսությունից մեզանում գլուխ են հանում բոլորը) մնացյալ կառավարությունը, փակվելով նիստերի դահլիճում, անդադրում որոշում էին պետական օրհներգի ճակատագիրը։

-Ձեզ մոտ է եկել ստեղծագործական մտավորականությունը,- երկչոտ զեկուցեց օգնականը, ծիկրակելով դռան հետեւից։

-Ի՞նչ են ուզում։

-Ուզում են հին օրհներգը,- դողդոջուն ձայնով տեղեկացրեց օգնականը։

-Մեկական կոնֆետ տուր ու ասա՝ շնորհակալությո՛ւն,- չոր պատասխանեց Տիգրան Սարգսյանը։ -Զբաղվա՛ծ ենք մենք։

Որոշ ժամանակ անց օգնականը նորից ճանկռոտեց դուռը։

-Դե, իսկ հիմա ո՞ր գրողի տարածն է եկել,- դժգոհ արձագանքեց վարչապետը։

-Ստեղ... ծագործական մտավորականությունը,- վախից կակազելով խոստովանեց օգնականը։

-Բայց չէ՞ որ նրանք արդեն եկել էին։

-Չէ, սրանք ուրիշ են։ Պահանջում են փո... փոխել օրհներգը...

-Ասա, որ չպառակտե՛ն ազգին։ Տուր նրանց իմ ուղերձի տեքստը, թեյ խմեցրու ու վզակոթներին տալով՝ դուրս արա։

-Լսում եմ,- ծվծվաց օգնականն ու անհետացավ։

-Սատանան գիտե, թե ի՛նչ է,- հայհոյեց սովորաբար զուսպ Տիգրան Սարգսյանը։ -Բազմացել է ստեղծագործական մտավորականությունը. այսօր մեկն է, վաղը մի ուրիշը... Դե որտեղի՞ց, որտեղի՞ց այնպիսի բան գտնեմ, որ բոլորին դուր գա։

-Այդ դուք եք,- պատրաստակամորեն հուշեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։

-Դա ես գիտեմ,- ձեռքը թափ տվեց Սարգսյանը,- Բայց ես հո երգ չեմ։ Իսկ որտեղի՞ց ճարեմ այդպիսի երգ։

-Պետք է մտածել, թե ինչ են մեզանում բոլորը սիրում,- առաջարկեց Արմեն Գեւորգյանը։

-Ուտելիք,- հուշեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

-Ուտելիք... այո՜... դա միանգամայն կարող է ազգային գաղափար լինել... Բայց ո՞րն է մեր ազգային ուտելիքը։

-Հա՛ցը,- բացականչեց կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը։ -Զհաց մեր հանապազօր տուր մեզ այսօր... Կարծես թե այդպիսի երգ կա, միայն չեմ հիշում, թե որտեղ եմ լսել։

-Եկեղեցում,- համեստորեն նկատեց կառավարության նիստին հրավիրված կաթողիկոսը։ -Բայց դա արդեն մեր օրհներգն է, այնպես որ՝ ձեզ հարմար չէ։

-Դե, այդ դեպքում՝ շաղգա՛մը,- ասաց գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանը։ -Ահա լսեք.

Դռան առաջ մի անգամ

Պապը ցանեց մի շաղգամ։

Շաղգամն աճեց, մեծացավ,

Պապը տեսավ, զարմացավ։

-Չէ, հարմար չի,- հառաչեց վարչապետը։ -«Մկնիկը փիսիկից, փիսիկը շնից, շունը թոռից, թոռը տատից, տատը պապից, պապը շաղգամից...»։ Դա ենթադրում է հասարակության համերաշխություն, համագործակցության եւ երկխոսության մթնոլորտ, իսկ մեր ընդդիմությունը...

-Հասկացա՛,- տեղից բղավեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ -Մեր օրհներգը պիտի լինի հաշտության մասին։

Մկնի՜կ, կանչեց իմ կատուն,

Արի կնքենք հաշտություն։

-Չէ, չի լինի,- վճռականորեն ասաց Տիգրան Սարգսյանը։ -Այդտեղ տողեր կան, որոնք չի հասկանա Եվրախորհուրդը. «Կարծես ասաց նա կատվին՝ հազա՜ր ամոթ քո պատվին»։

Բոլորը գլուխ խոնարհեցին վարչապետի իմաստնության առաջ։

Լռություն տիրեց, ասես մեղմ շրշյունով հրեշտակ անցավ։ Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ուրախ ժպտաց. նա գիտեր, որ այդպիսի պահերին նոր ոստիկան է ծնվում։

-Զմրուխտե քաղաք ենք գնում մենք ճանապարհով դժվարին,- բարալիկ ձայնով հանկարծ սկսեց երգել Հասմիկ Պողոսյանը։ -Գնում ենք ոլոր-մոլոր, խորդուբորդ ճանապարհով։ Նվիրական երեք ցանկություն կկատարի Գուդվինն իմաստուն...

-Յուրաքանչյուր հայ երեք հարյուր երեսուներեք ցանկություն ունի եւ դեռ մի բան էլ ավելի,- մռայլ նկատեց արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը։ Նա ներկա էր ծառայության բերումով. կարողացել էր ապացուցել վարչապետին, որ օրհներգի բացակայությունը արտակարգ իրավիճակ է։ Վերջին ժամանակներս երկրում փրկարարների թիվն ընդհանրապես կտրուկ աճել էր. նրանք երեխաների փոխարեն սովորում էին դասերը, մաքրում նրանց տուտուզն ու մայթն անցկացնում տարեցներին։ Երկիրը հեղեղված էր արտակարգ իրավիճակներով։

-Ես դեմ եմ, պարոնայք,- տեղից վեր կացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ -Դա մեզ օտար ամերիկյան Արկանզաս քաղաքում ծնված աղջնակի օտար երգն է։ Օրհներգը պիտի հայրենասիրական լինի։

Հայաստան աշխարհ

Իմ տուն, իմ պարտեզ,

Դու մեսրոպատառ

Իմ սրտի քարտեզ։

Ներկաները հեկեկացին։ Նորից լռություն տիրեց, եւ արցունքների միջից ժպտաց Ալիկ Սարգսյանը։ Եւս մի ոստիկան ծնվեց։

-Չէ, դա հարմար չէ,- մի քիչ մտորելուց հետո ասաց վարչապետը։ -Աշխուժություն չի ներշնչում։ Թեեւ «սրտի քարտեզը» հզոր է հնչում...

-Լա՛վ է ապրում Վիննի Թուխն այս աշխարհում,- արագ-արագ սկսեց երգել ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ - Դրանից էլ ժիր երգեր է նա երգում։ Կարեւոր չէ՝ ինչ է անում, եթե միայն չի նիհարում, բայց դե նա հո չի նիհարում... եթե, իհարկե, ժամանակին է ուտում... հա՛։

-Դա տեղին է,- գլխով արեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ -Միայն թե «Վիննի Թուխի» փոխարեն՝ որեւէ այլ բան։ Օրինակ, լավ է ապրում այս աշխարհում ժողովուրդը մեր, դրանից էլ երգում է նա ժիր երգեր։ Կարեւոր չէ՝ ինչ է անում, եթե միայն չի նիհարում...

-Ամաչե՛ք,- բացականչեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը։ -Դուք պատրա՞ստ եք ոտքի կանգնել՝ «Թե քորում եմ ես ծոծրակս, հոգ չէ դա։ Գլխիս ներսում միայն թեփ է, հա՛-հա՛-հա՛» խոսքերի տակ։

-Բայց չէ՞ որ այդ ամենը փոփոխելի է,- շարունակեց պնդել Արմեն Մովսիսյանը։ -Օրինակ. «Գլխիս ներսում գաղափար է, հա՛-հա՛-հա՛»։

-Դե այո՜,- երկաթե ձայնով նկատեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ -Եւ ի՞նչն եք այդ դեպքում քորում։ Գլխիս ներսում գաղափար է, դրա համար էլ քորում եմ...

-Բավակա՛ն է,- բացականչեցին ներկաները, որոնք սովոր էին հասկանալ միմյանց կես բառից։

-Ջա՜ն, կարուսել, քո գրկում,

պտտվում ենք ու երգում,- ձայնը գլուխը գցած ծղրտաց սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը։

-«Պտտվում ենք ու երգում եւ հարկերը վճարում»,- ուղղեց գործընկերոջը հարկայինի պետ Վահրամ Բարսեղյանը։

-Եւ հարկերը վճարո՛ւմ։ Տաշի՜-տուշի՜, տաշի՜-տուշի՜,- առույգ միացավ ողջ կառավարությունը։

-Պարոնայք, պարոնայք, պապանձվե՛ք,- սաստեց նրանց Տիգրան Սարգսյանը։ -Դուք ի՞նչ է, ակնարկում եք, թե մեր ո՞չ բոլոր օլիգարխներն են բարեխղճորեն վճարում հարկերը։

Ներկաները նորից գետնին հառեցին հայացքները։ Ալիկ Սարգսյանը ուրախ ժպտաց։ Ծնվեց եւս մեկ ոստիկան։

-Ես գիտե՜մ, գիտե՜մ,- միտք հղացավ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։ -Շուրջն ամեն ինչ դեղնում ու անցնում է ամառը, կդիմանանք մենք սակայն այս տհաճությանը։ Լեոպոլդ կատվի ե՛րգը։ Շա՜տ լավատեսական է։ Բացի այդ, «Տղերք, եկեք համերա՛շխ ապրենք» կարգախոսը գերազանց զետեղվում է ընդդիմության հետ մեր հարաբերությունների պարադիգմայում։

-Վստահ չենք,- միաձայն ու կտրուկ նկատեցին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

-Եւ ընդհանրապես. պետական օրհներգը՝ օտարերկրյա կասկածելի անունով կատվի անունի՞ց... -մռայլվեց Տիգրան Սարգսյանը։ -Արդիական չէ։

-Դե, այդ դեպքում կարելի է վերցնել զուտ հայկական կենդանու,- բոլորին հանգստացրեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։ -Տեսեք, ինչ գեղեցիկ է ստացվում.

Մոծակ, ի՞նչ ես տզտզում,

Օդում ի՞նչ ես վազվզում,

Ասե՞ղ ես, թե՞ թռչող փուշ,

Ի՞նչ ես թեւում անզգույշ։

-Դուք ինչ է, ակնարկում եք, թե Հայաստանն արյունարբո՞ւ է, -խստաձայն հարցրեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ -Թեեւ «փուշ» բառն ինձ դուր եկավ։ Մեր պետությունը պիտի ոզնու պես լինի. ոմանց կողմը պիտի շրջվի փամփլիկ փորիկով, իսկ մյուսներին՝ դեմ տա ռազմատենչ փշերը...

-Դուք բոլորդ մոռացել եք Սփյուռքի մասին,- ծանր հառաչեց Հրանուշ Հակոբյանը։ -Սփյուռքի՛, որին պիտի իր թեւերի տակ առնի մայր հայրենիքը։ -Եւ նա տխրաձայն երգեց.

Կրթկրթում էր թուխս մայրիկը

Ձագուկներին կանչում այդպես,

Ասես ուներ մայր հավիկը

Ճուտիկների մանկապարտեզ։

-Լեւոնի՛ն առաջարկեք այդ օրհներգը,- զզվանքով ծամածռվեց Սպարտակ Սեյրանյանը։ - Նա հենց այս պահին Հայ ազգային կոնգրես է ձեւավորում, դուրը շատ կգա։

-Անձամբ ես,- խոսակցությանը միացավ մաքսայինի պետ Գագիկ Խաչատրյանը, որը մինչ այդ չէր հանդգնում մասնակցել գաղափարական քննարկմանը,- կմտածեի մաքսավորի դրական կերպար ստեղծելու մասին։ Օրինակ.

Մաքսավորը, շունիկն ու կատուն

Միասին ճաշիկ են ուտում։

Ուտում են կաթիկ ու մածուն,

Բայց միայն մաքսավորն է մեծանում։

-Սկզբունքորեն՝ վատ չէ,- գլխով արեց Սարգսյանը։ -Բայց դուք մոռանում եք, որ մաքսավորները կազմում են մեր բնակչության թեեւ ամենաքաջարի, բայց այդուհանդերձ՝ բնավ ոչ ամենամեծաթիվ խավը։ Ցավոք,- ընդգծեց նա։

-Երազիս մեջ ինչե՜ր ասես չեմ անում, թռչունի պես սարից վեր եմ բարձրանում,- հայտարարեց արտգործնախարարը՝ հիշելով վերջին բանակցությունները համանախագահների հետ։

-Երգը,- կրակոտ խանդավառությամբ նկատեց Հասմիկ Պողոսյանը,- պիտի բարի հույզեր արթնացնի։ Այ, օրինակ, փոքր ժամանակ իմ սիրելի երգն էր՝ «Սովետական ազատ աշխարհ Հայաստան...»։

-Բազում դարեր դաժան ճամփա դու անցար,- նրան միացավ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը։

Եւ այստեղ կառավարության բոլոր անդամները սկսեցին մտաբերել իրենց մանկության սիրելի երգերի տողերը։ Եւ կատարվեց տարօրինակ մի բան։ Երգեցողության մեջ գնալով ավելի պարզ ու հստակ սկսեցին նշմարվել ուրվագծերը այն մեղեդու, որը ժամանակին հզոր ու հաղթական սավառնում էր երկրի վրա։

Բոլորը ոտքի կանգնեցին. առանց հրամանի, առանց պայմանավորվելու, եւ միաձայն երգեցին.

Սովետական ազատ աշխարհ Հայաստան,

Բազում դարեր դաժան ճամփա դու անցար,

Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար,

Որ դառնաս դու մայր հայրենիք հայության։

 

Փառք քեզ, միշտ փառք Սովետական Հայաստան

Աշխատասեր, ճարտարագործ, շինարար,

Ժողովրդոց սուրբ դաշինքով անսասան,

Դու ծաղկում ես եւ կերտում լույս ապագադ։

 

-Ո՜ւֆ,- ասաց Տիգրան Սարգսյանը՝ դադարից հետո։ -Խնդրեմ՝ նստեք։ Թուղթ ու գրի՛չ։

Օգնականը մոտ վազեց վարչապետին՝ թուղթն ու ոսկե գրիչը ձեռքին։

-Ա՜յ դա երգ էր,- կարոտախտով ասաց Սարգսյանը։ -Դռնից ես հանում, պատուհանից է ներս մտնում։ Չէ՛, տղերք։ Այդպիսին է, ըստ երեւույթին, մեր ճակատագիրը։ Ազգային ժողով մտցնում ենք Խորհրդային Հայաստանի օրհներգը։ Իսկ Սարմենի տեքստի վրա մենք հետո միասին մի քիչ կաշխատենք։

day=31&month=7&year=2008&next=16&lang=_arm#?paperid=2773&pageid=88893&lang=

Կարդացեք այս հոդվածի բուն տարբերակը »

0

How can one read this

nazarianի նկարը

How can one read this article? When I click on the button to read the rest of the story, it opens in a new window which doesn't have the menu options to choose the encoding of the text.

0

Low web-standards in Armenian mass-media

The Architectի նկարը

Yep. Another example of low standards in Armenian mass-media.
Can someone at least post a link to Unicode version of this article so that people can read it before voting it up or down? Thanks....

0

Unfortunately ... But ....

Vanasbի նկարը

Unfortunately the editorial office of the electronic version of Hayots Ashkhar Daily still hasn't realized that many users of its internet site in the Diaspora don't have Armenian fonts installed on their machines. Maybe someone should report the "bug" to them.

Fortunately however you can bookmark the new window and then open it in a regular tab inside the browser to change the encoding.

Or just click on http://www.armworld.am/detail.php?paperid=2773&pageid=88893&lang=

I didn't find any unicode version of the article. In fact if anyone could direct me to a unicode version of Hayots Ashkhar I'd certainly appreciate it, because I could find it myself.

Գրեք Ձեր մեկնաբանությունը

The content of this field is kept private and will not be shown publicly.
  • You may post code using <code>...</code> (generic) or <?php ... ?> (highlighted PHP) tags.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Remove unwanted line breaks from content.
  • Potentially problem-causing HTML tags are filtered.
  • Lines and paragraphs break automatically.
  • Links to video content with 'rel="lightvideo"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links with 'rel="lightbox"' in the <a> tag will appear in a Lightbox when clicked on.
  • Image links from G2 are formatted for use with Lightbox2
  • Allowed HTML tags: <a> <img> <p> <br> <em> <strong> <b> <cite> <code> <ul> <ol> <li> <dl> <dt> <dd> <div> <object> <param> <embed> <blockquote> <table> <tr> <td> <tbody>

CAPTCHA
This question is for testing whether you are a human visitor and to prevent automated spam submissions.
Image CAPTCHA