Ինձ մոտ միշտ մի հարց է առաջացել: Ինչու՞ պետք է Հայաստանը ու հայ մարդը լինի ռուսամետ, արևմտամետ կամ էլ եսիմինչամետ? Այդ հարցի պատասխանը ի սկզբանե կարող է շատ մակերեսային թվալ, իմա` փոքրիկ ու խղճուկ Հայաստանին հովանավորներ են պետք` գերտերությունների կամ էլ աշխարաքաղաքական ալյանսների տեսքով: Այս տեսակետի մեջ գուցե և ճշմարտության մասնիկ կա, բայց միանշանակ է մի բան, որ սա չէ այդ եսիմինչամետամոլության (կներեք եթե բառը լավ չի ստացվել) բուն պատճառը:
Ես շատ եմ մտածել դրա բուն պատճառների մասին ու եկել մի համոզմունքի, որ այն թաքնված է մեզնից գրեթե յուրաքանչյուրի մեջ: Այդ այսպես կոչված եսիմինչամետամոլությունը իր մշտական դրսևորումն ունի մեր առօրյայում և չի սահմանափակվում միայն աշխարհաքաղաքական խնդիրների քննարկման ժամանակ բանավեճի թեմա լինելուց: Եթե գիտակցության մակարդակից աստիճանաբար իջնենք դեպի ենթագիտակցություն, ապա եսիմինչամետամոլությունը այլ կերպ կարելի սահմանել, որպես առանց հովանավորների ապրելու անհնարինության զգացում: Եթե քիչ ավելի իջնենք դեպի ենթագիտակցականի խորքերը, ապա այն կսահմանավի այսպես. առանց տիրոջ ապրելու անհնարինության գիտակցում: Իսկ երբ իջնենք ենթագիտակցականի հատակը, ապա դրա սահմանումը կլինի, ոչ այլ ինչ, քան ստրկամտությունը: Ընթերցողին բացասական լիցքեր չհաղորդելու համար սակայն, ստրկամտություն տերմինի փոխարեն, հետայսու կօգտագործեմ եսիմինչամետամոլություն բառը:
Ուրեմն, այսպես կոչված եսիմինչամետամոլությունը մենք կիրառում ենք գրեթե ամենուր և ամենժամ: Մենք այն կիրառում ենք երթուղային տաքսիների կամ էլ սովորական տաքսիների մեջ, երբ վարորդին չենք սաստում ծխելու, բարձր երաժշտություն միացնելու կամ էլ արագ վարելու համար, քանի որ մեր ենթագիտակցության մեջ մենք նրան համարում ենք մեքենայի և իրավիճակի տերը և համարում, որ իրավունք չունենք խառնվելու նրա ներքին գործերին: Այնինչ իրականում ամեն ինչ տրամագծորեն հակառակն է: Երթուղայինը աշխատում է ուղևորի համար և հետևաբար պետք է ապահովվեն ուղևորներին հարմար պայմաններ և ոչ թե հակառակը: Այս օրինակը եսիմինչամետամոլության ամենատարրական դրսևրումներից մեկն է: Բազում օրինակներ կարող ենք բերել, բայց կարծում եմ դրա կարիքը չկա, քանի որ այս մեկով էլ իսկ հասկանալի է դրա էությունը:
Հիմա հարց է առաջանում, որտեղից այս հնագույն ազգին այսքան ստրկամտություն, որ նա այն կիրառի սկսած իրեն եսիմինչամետ համարելուց, մինչև երթուղայինի մեջ շատ համեստ մնալը: Որտեղից? Պատասխանը մեկն է. դարերի խորքից: Այո’, այո’ հենց մեր հնությունն էլ պայմանավորում է մեր եսիմինչամետամոլությունը: Իսկ ավելի ստույգ մեր անհաջող հնությունը, մեր իսկ սխալների վրա հիմնված, բայց երբեք այդ սխալներից չսովորած հնությունը:
Մի օր մի ամերիկյան պատմաբան հարցրեց ինձ, թե ինչ տարբերություն կա մարդու իրավունքների համար պայքարող մոլդովացու և հայի միջև: Ու կա արդյո՞ք նրանց միջև տարբերություն: Ճիշտն ասած մինչև այդ հարցը ինձ ոււղղելը, երբեք առիթ չէի ունեցել մտածել դրա շուրջ, բայց պատասխանը շատ արագ գտա ու մինչ հիմա էլ մնում եմ այդ կարծիքին: Իսկ պատասխնաը հետևյալն է` հայն ու մոլդովացին (կամ էլ մեկ այլ արևելաեվրոպական ազգի ներկայացուցիչը, նույնիսկ վրացին) իրարից շատ են տարբերվում այդ հարցում, քանի որ հայը դարեր ի վեր եղել է ուրիշների լծի տակ ու համակերպվել է ուրիշի ստրուկը լինելու մտքին, այնքան է հարմարվել, որ իրեն առանց դրա չի էլ պատկերացնում: Իհարկե բացառություններ եղել են թե հայերի մոտ, թե այլ ազգերի մոտ, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով մեզ մոտ գերակշռել է հարմարվելը և ոչ թե ընդդիմանալը: Ու ամեն անգամ նոր տեր ունենալու վտանգի առաջ կանգնելիս, մենք ոչ թե ընդդիմացել ենք, այլ փորձել ենք վերահարմարվել նոր տիրոջը: Սկզբում հարմարվել ենք արաբներին, հետո թաթար-մոնղոլներին, հետո թուրքերին ու պարսիկներին, հետո ռուսներին, իսկ հիմա էլ կամուկացի մեջ ենք ու մտածում ենք` շարունակել ենթարկվել ու հպատակվել ռուսներին, թե փոխել եսիմինչամետամոլության սուբյեկտին և սկսել ենթարկվել ու հպատակվել Եվրոպային կամ էլ Ամերիկային:
Բայց շատ քչերի մտքով է անցնում ընդդիմանալ եսիմինչամետամոլության գաղափարին և վերադառնալ հայաստանակենտրոնությանը: Կամ էլ միգուցե հիմնել այդ իդեալը, քանի որ այն երբեք էլ չի եղել, որ վերադառնանք դրան: Ոմանք կպնդեն, որ դրա նման մի բան եղել է Տիգրան Մեծի ժամանակ: Միգուցե և եղել է, բայց նախ և առաջ դա շատ վաղուց է եղել, շատ կարճ է տևել պատմության տեսանկյունից և դեռ հարցական է, թե իրոք դա հայաստանակենտրոնություն է եղել, թե` պարզապես նվաճողական քաղաքականություն: Եթե այն իրոք հայաստանակենտրոնություն լիներ, ապա, կածում եմ, այդքան արագ չէր փոշիանա և կարիք չէր լինի դրա համար սեփական որդիներին սրախողող անելու: Չգիտեմ, չեմ ուզում դատողություններ անել, այնպիսի բաների վերաբերյալ, որոնց մասնագետը չեմ, բայց հարցադրումներ կարող եմ անել, որոնք մտածելու տեղիք են տալիս:
Եթե վերըգրվածի համատեքստում վերլուծենք Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները, ապա ես նրանց մի բառակապակցությամբ կբնութագրեի, որպես հայաստանակենտրոնության իդեալի հիմնադրում կամ ստեղծում: Միայն տկարամիտները և հատուկ վարձված հնարամիտները չեն նկատի, որ Շարժման հիմնաքարերից մեկը դա հայաստանակենտրոնությանն էր, ինչը և այդքան դուր չեկավ ո’չ Ռուսաստանին, ո’չ Եվրոպային և ո’չ էլ ԱՄՆ-ին, ինչն էլ հանգեցրեղ նրանց կողմից ընտրակեղծիքների ու ոճրագործությունների շարունակական պարտակման: Չէ որ միայն այդ իդեալի իրագործումը կբերեր Հայաստանի ըստ էության իրական անկախության և տարածաշրջանային ու միջազգային գործոնի վերածման, որը ոչ մի կերպ չէր կարող տեղավորվել և ոչ մի գերտերության շահերի մեջ:
Այնուամենայնիվ, ի հեճուկս եսիմինչամետամոլների և նրանց սուբյեկնտների, հայաստանակենտրոնության ծնունդը արդել եղել է և այն զարթոնք է ապրում: Եվ այդ զարթոնքի հիմնական տարրերից մեկը մեր ենթագիտակցական ստրկամտության դաժանաբար սպանությունն է, ինչը շատ բարեհաջող ընթանում է` դատելով վերջին ամիսների քաղաքացիական ակտիվությունից:
Եվ ուրեմն, հանդգնենք ասել ոչ ասել Ռուսամետությանը, Եվրոպամետությանը և Ամերիկամետությանը, քանի որ փրկության ուղին հայաստանակենտրոնության մեջ է:
Հայաստանին պետք են քաղաքակիրթ դաշնակցային հարաբերություններ մեր հարևանների, այսպես կոչված գեր-տերությունների և աշխարհաքաղական կենտրոնների հետ, ինչը և շատ շուտով կունենանք:
Արսեն Թորոսյան
ՀՀ հայաստանակենտրոն քաղաքացի
ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնություն
Տպագրվել է "Չորորդ Իշխանություն" օրաթերթի 08.08.2008 համարում







Գրեք Ձեր մեկնաբանությունը